Հավասարություն, մատչելիություն և որակ. կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր
2015-05-27
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարևորել է ծրագրի մեկնարկը: «Հույս ունեմ, որ ծրագիրը կբարելավի բարեխիղճ կառավարումը կրթության ոլորտում, կամրապնդի բարեվարքությունը: Կրթությունը բարելավելու միջոցներից է նաև գիտական շրջանակների բարեվարքության ամրապնդումը: Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է, և ԵՄ-ն կաջակցի, որ Հայաստանում այն նվազի»,- նշել է Տրայան Հրիսթեան` հույս հայտնելով, որ ծրագիրը կրթության ոլորտում արդյունավետ կլինի:
ԵԽ, ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և երկկողմ համագործակցության բաժնի ղեկավար Կատյա Դոլգովա-Դրեյերն իր հերթին նշել է, որ Երևանը վերջին երկու շաբաթվա ընթացքում դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կիզակետը: «Բոլոր ճանապարհները տանում են Երևան»,-նշել է ԵԽ ներկայացուցիչը`ընդգծելով, որ Հայաստանը գերազանց էր կազմակերպել մայիսի 15-16-ը Երևանում կայացած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը:
Նշենք, որ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: 400 հազար եվրո բյուջեով ծրագրի տևողությունը 24 ամիս է: Ծրագրի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015¬-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: