Կրթության ոլորտում ձախողված ծրագրեր չեն եղել. Ա. Աշոտյան

2015-05-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ վարչապետի նշանակումից հետո, ՀՀ կառավարության գործունեության մեկ տարվա կապակցությամբ այսօր Մամուլի ազգային ակումբում հանդես է եկել հաշվետու ասուլիսով: ՀՀ ԿԳ նախարարը, ամփոփելով և գնահատելով նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում կրթության և գիտության ոլորտը ներառված է բավական մեծ ծավալով:
«ԿԳՆ-ի գործունեության ուղենիշը և աշխատանքի հրամայականը եղել է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, որի հիմքում դրված են արդեն սկսված բարեփոխումների շարունակականությունը և նոր նախաձեռնությունների իրագործումը: Կրթության բնագավառի համար կայուն առաջընթացն ու քաղաքականության հետևողականությունը շատ կարևոր են: ՀՀ-ում կրթության համակարգի  բարեփոխումները բանաձևվված են՝ ելնելով ազգային կրթական համակարգի առանձնահատկություններից և դրանք, ըստ  միջազգային ընդունված չափանիշների, արդիականացնելուց: Այս իմաստով  փոփոխությունները գուցե կարող են ինչ-որ երանգներ բերել կրթական ընդհանուր քաղաքականության մեջ, սակայն միջազգային միտումներին և գերակայություններին համաքայլ ընթանալու առումով չեն կարող ճակատագրական ազդեցություններ և հետևանքներ ունենալ>>,-նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը հակիրճ ներկայացրել է նախորդ մեկ տարվա ընթացքում ոլորտի նոր նախաձեռնությունները.
•    Հանրակրթության ոլորտում անցում է կատարվել պարտադիր 12-ամյա կրթության, համաձայն որի` հիմնական դպրոցն ավարտելուց հետո ՀՀ դպրոցականները պարտադիր պետք է շարունակեն կրթությունը կամ ավագ դպրոցում, կամ էլ քոլեջներում և ուսումնարաններում. «Օրենքն ԱԺ-ում անցավ բուռն քննարկումների ու քաղաքական համաձայնության մթնոլորտում: Մենք այս նախագծով դնում ենք հասարակության  նվազագույն կրթական ցենզի բարձրացման խնդիր և արձանագրում, որ 9-ամյա կրթական ցենզն այլևս չի բավարարում մեր պահանջները»,- նշել է նախարարը: 
•    «Ազգային երգ ու պար» առարկան փորձարկվել է 13 դպրոցում, որը ԿԳ նախարարի գնահատմամբ`  եղել է հաջողված փորձարկում՝ թեպետ ծրագրի չափորոշիչները դեռևս ունեն բարելավման անհրաժեշտություն: Գալիք ուսումնական տարվանից  «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի  Երևանի և մարզերի ևս 100 դպրոցում:
•    «Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ>> փորձնական ծրագիրը գալիք սեպտեմբերից կներդրվի Վոյոց Ձորի մարզում. «Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական և բովանդակային աշխատանքներ, որպեսզի  ապահովվի ի սկզբանե մեր առջև դրված խնդիրը, այն է` դպրոց մտնող աշակերտին տրամադրել ոչ միայն տեխնիկական միջոց, այլև հայալեզու կրթական բովանդակություն: Ծրագրի առաջին փուլի փորձարկումը կտևի 4 տարի, քանի որ մենք պետք է գնահատենք ծրագրի ազդեցությունը տարրական դպրոցի վրա, որից հետո, ամփոփելով արդյունքները, ծրագիրը կընդլայնվի:  Արդյունքում մենք կստեղծենք էլեկտրոնային նոր մատչելի պաշար>>,- ասել է Ա. Աշոտյանը:
•    Կառավարությունը հաստատել է ԲՈՀ-ի գիտական աստիճանաշնորհման նոր ընթացակարգը, որը մի կողմից բարձրացնում է գիտական աստիճանների շնորհման որակական պահանջները, մյուս կողմից՝ պարզեցնում է ընթացակարգերը:
•    Ընդունվել է «Գիտական փորձքաննության մասին»  ՀՀ օրենքը, որը ոլորտի համար մայր օրենք է. «Այս օրենքի գոյությունը կարևոր է  գիտության նպատակային ֆինասվորման տեսանկյունից և սրանով կարգավորվում են տարիներ շարունակ  գիտական գործունեությամբ զբողվող մարդկանց կողմից բարձրաձայնված   բազմաթիվ հարցեր»,- նշել է  նախարարը:
•    ՀԲ վարկային միջոցներով «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի>> աջակցությամբ 10 բուհերում 10 նորարարական մրցակցային կենտրոններ են  ձևավորվել, որոնք նպատակ ունեն նպաստել հետազոտական բաղադրիչի ընդլայնմանը բուհերում: 
•    «Այբ» հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրագործումը, կազմակերպվել են հանրային  լայն քննարկումներ բոլոր մարզերում և Երևանում. «Մենք արդեն եզրափակում ենք հանրային քննարկումների փուլը և սկսում ենք աշխատել  կառավարության որոշման նախագծի մշակման ուղղությամբ»:
•    ՀՀ ՊՆ-ի, «Երկրապահ կամավորականների միության» հետ համատեղ ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացումը խթանելու նպատակով մեկնարկել է «Պատանի երկրապահ» ծագիրը, որի շրջանակում արդեն  ավելի քան 100 դպրոցում բացվել են  համանուն ակումբներ:
•    Ընթացիկ տարվա մայիսի 14-15-ը Երևանում տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը. «Մեր մեկ տարվա կրթական գործունեության դափնին համարում եմ Եվրոպական կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն աննախադեպ էր իր բնույթով, որակով, կազմակերպական մակարդակով  և  քաղաքական հետևանքով: Շնորհիվ այս համաժողովի` Հայաստանի վարկանիշը Եվրոպական կրթական տարածքում աննախադեպ  աճ է ունեցել,  ընդգծվել է մեր տեղն ու դերը, Հայաստանի կրթական կշիռն առավել տեսանելի է դարձել: Այն արձագանքները, որ ստանում ենք Բրյուսելից, Մոսկվայից, Փարիզից և այլ տեղերից, վկայում են այն մասին, որ մեր եռամյա ջանքերը հաջողված էին»,- հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե որն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարարության  հիմնական ձախողումը, Ա. Աշոտյանը նշել է, որ ձախողված նախաձեռնություններ ու ծրագրեր չեն եղել. «Սակայն մենք ունենք համակարգչային խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն»,- նշել է նախարարը՝ առանձնացնելով  կրթության որակի բարձրացումը և համակարգի կոռուպցիոն երևույթները, որոնց դեմ պայքարը հանրային գիտակցության դեռևս չի վերածվել: «Սրանք նոր խնդիրներ չեն, խնդիրներ, որոնց լուծումը շարունակական և հետևողական  մոտեցում  է պահանջում»,- նկատել է նախարարը: Անդրադառնալով  հանրային շրջանակներում հակասական քննարկումների առիթ դարձած դպրոցական դրամահավաքի խնդրին՝ նախարարն ընդգծել է, որ  աշխարհի ոչ մի երկրում կրթական ոլորտի խնդիրները չեն լուծվում` միայն պետբյուջեի ֆինանսավորումով. «Դպրոցը կարող է աջակցություն ստանալ տարբեր կառույցներից, այդ թվում նաև ծնողներից: Թերևս եթե խնդիրը դիտարկենք համեմատության մեջ, Հայաստանում պետությունն ունի տոկոսային առումով ամենամեծ մասնակցությունը կրթության ոլորտի ընդհանուր ծախսերում: Եթե ծնողները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, ներեցեք, բայց այդ խնդիրը լուծողը նախարարությունը չէ: Ծայրահեղություն էր, երբ մենք արգելեցինք դրամահավաքը. դպրոցներ կան, որտեղ երեխաներն ուզում են թանգարան և թատրոն այցելել, բայց միշտ լինում է մի ծնող, ով դժգոհում է  այդ նախաձեռնությունից: Կան նաև նախադեպեր, երբ դրամահավաքը վերածվում է քաղքենիության մրցավազքի, ինչն անթույլատրելի է: Մենք կենցաղում մասնակցային ժողովրդավարության մշակույթ չունեք, ինչը շատ լավ արտացոլվում է  դպրոցներում: Դրամահավաք ասվածը չի կարելի  պարտադրել բոլորին անխտիր.  սխալ է նաև մեկ ծնողի պատճառով ձախողել մեծամասնության որոշումը»,- նշել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում հանրային քննարկումների առիթ դարձած` բուհերը Երևանից  մարզեր տեղափոխելու մասին  առաջարկներին, ՀՀ ԿԳ
նախարարը նշել է, որ չկա որևէ կոնկրետ նախագիծ՝ այս կամ այն բուհը տեղափոխելու մասին: Նախարարի խոսքով՝  քննարկվում է բուհական համակարգի կառուցվածքային արդիականացման հարցը, և այդ համատեքստում  կան տարբեր առաջարկություններ:
Նախարարը պատասխանել է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով իրեն ուղղված մի քանի հարցերի, որոնցից մեկը վերաբերել է Հայաստանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական  համալսարանի մասնաճյուղի բացմանը: Նախարարի պարզաբանմամբ՝ ՄՊՀ մասնաճյուղը չի լինելու երկրորդ ռուսական բուհ ՀՀ-ում, քանի որ Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանը նաև հայկական բուհ է, ինչպես Հայաստանում գործող մյուս միջպետական բուհերը՝  Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջազգային վարկանշային սանդղակներում  Լոմոնոսովի անվան  համալսարանը զբաղեցնում է բավական բարձր հորիզոնականներ և  մասնաճյուղի գործունեությունը, նախարար Ա. Աշոտյանի  համոզմամբ,  կխթանի միջբուհական մրցակցությունը Հայաստանում:
Ասուլիսի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև կրթության ներառականության և բուհերում ներդրված սոցիալական փաթեթների վերաբերյալ հարցերին: Նախարարի խոսքով՝ թեև ներառական կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն հանրակրթության ոլորտում անցումը  համատարած ներառականության այս ոլորտում  կատարված համարձակ քայլ է եղել: Ինչ վերաբերում է ուսման վարձավճարներին և ուսանողների սոցիալական խնդիրներին՝ Ա. Աշոտյանն ընդգծել է, որ օրենքով հստակ սահմանված են սոցիալական այն խմբերը, ովքեր կարող են ուսման վարձի զեղչ ստանալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։