Դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը
2015-05-22
Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր տոն է` հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել են «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ, մաղթել հաջողություններ և կանաչ ճանապարհ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ծնողներին ու մանկավարժներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդներն ստանան որակյալ կրթություն, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը: Կառավարության ղեկավարը կարևորել է կրթական համակարգում շարունակական բարեփոխումները, քանի որ մեր երկրի հաջողության գրավականը կրթված և ապագային միտված սերունդ ունենալն է: «Մենք մեր ապագան կառուցելու ենք հիմնվելով ձեզ վրա, վստահ եմ, որ միասին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ»,- նշել է վարչապետը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած տարբեր խնդիրներին ու դժվարություններին՝ կառավարությունը ջանքեր չի խնայելու մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար:
Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով հանրապետության բոլոր շրջանավարտներին և նրանց ծնողներին, մասնավորապես, նշել է. «Վերջին զանգը հիրավի երիտասարդ տարիների ամենատպավորիչ և հիշարժան օրն է, որը դառնում է հիշողություն: Այն յուրօրինակ հրաժեշտի միջոցառում է` հուզականության և երախտիքի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին, որոնց աշխատանքի շնորհիվ հերթական սերունդն է մտնում մեր երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և կրթական զարգացումների մեջ»,-նշել է նախարարը` լրագրողներին միաժամանակ տեղեկացնելով, որ շրջանավարտների թիվը նշելիս պետք է հաշվի առնել նաև ուսումնարանների և քոլեջների ուսանողական համակազմը, որի արդյունքում այս տարվա շրջանավարտների ընդհանուր թիվը ավելի քան 30 հազար է: