Երևանյան գագաթաժողով-2015. երկկողմ հանդիպումները շարունակվում են

2015-05-14

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կրթության հարցերով տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին  և երկրորդ վարկային, ինչպես նաև «Հանրակրթության բարելավման ծրագրի նախապատրաստման» դրամաշնորհային և «Կրթության բարելավում» վարկային ծրագրերին: 
Ողջունելով հյուրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկն ավարտվել է, երկրորդը` մեկնարկել և անհրաժեշտ է հնարավորինս արագացնել վերջինիս ընթացքը, մասնավորապես, ավագ դպրոցների շինարարական աշխատանքների հետ կապված: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել նաև ՀԲ-ի աջակցությամբ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնված կենտրոնների գործունեությունը` ընդգծելով, որ այն կոնկրետ ծրագիր է` իր գիտական բովանդակությամբ և մասնավոր հատվածի ներդրումների կարևորության տեսանկյունից:
 Կլաուդիա Կոստինը, բարձր գնահատելով գիտակրթական ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել է, որ  հետաքրքված է հանրակրթական ուսումնական հաստատություններում «Շախմատ» առարկայի և 2015-2016 ուսումնական տարվանից հինգ առաջատար դպրոցներում փորձնական նոր ծրագրի` «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրման Հայաստանի փորձով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։