Երևանյան գագաթաժողով-2015. Հայաստան-Շվեդիա

2015-05-14

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի կրթության և հետազոտությունների նախարար Հելեն Հելմարկ Կնուտսոնի հետ: Արմեն Աշոտանը շնորհակալություն է հայտնել վերջինիս նախարարական գագաթաժողովին մասնակցելու համար` ընդգծելով, որ այն կարևոր է ոչ միայն Բոլոնիայի գործընթացի ապագայի, այլ նաև երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսակետից: 
Նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, մասնավորապես, միջպետական բուհերի առկայությունը և բուհերի ինքնավարության սկզբունքները: Արմեն Աշոտյանի խոսքով` Բոլոնիայի գործընթացին անդամագրվելուց հետո սկսվել են հսկայածավալ բարեփոխումներ, այդ թվում` կրթության որակի հետ կապված: Դրա հետևանքով կրկնակի կրճատվել է ոչ պետական բուհերի թիվը, նոր ընթացք է ստացել միջազգային հավատարմագրման գործընթացը: Նախարարի խոսքով` եվրոպական ոչ մի երկրում դեռևս վերջնականապես չեն ավարտվել կրթական բարեփոխումները, և միշտ առկա են նոր մարտահրավերներ: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ բուհերում սովորում են մեծ թվով օտարերկրյա ուսանողներ տարբեր երկրներից` ընդգծելով, որ ՀՀ բուհերում կրթությունը գրավիչ է` իր մատչելի գնի և որակի հետ կապված:
Հելեն Հելմարկ Կնուտսոնն կարևորել է բուհերի միջազգայնացման խնդիրը` այդ համատեքստում ընդգծելով միջբուհական համագործակցության և ուսանողների փոխանակման ծրագրերը: Նա ներկայացրել է նաև կրթության ոլորտում կանանց և տղամարդկանց ներգրավվածության մասին տեղեկատվություն, մասնավորապես, գիտահետազոտական ծրագրերում:
 Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեդիայի Թագավորության Կառավարության միջև կրթության և հետազոտության բնագավառներում  համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։