Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք
2015-05-11
Լրագրողները հարցեր են ուղղել նախարարին, որոնցից մեկը վերաբերել է Հայաստանի` անդամակցության տաս տարիներին գրանցված արդյունքներին: Արմեն Աշոտյանի խոսքով` կրթության ոլորտում մեր երկիրը շոշափելի արդյունքներ է գրանցել: «Այս տաս տարիների ընթացքում Բարձագույն կրթական համակարգը դարձել է բարեփոխումների շրջադարձային փուլ. ավարտել ենք կառուցվածքային բարեփոխումների փուլը: Կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական չափանիշներին»,- նշել է նախարարը` միաժամանակ ընդգծելով, որ բավական անելիքներ դեռ կան: Լրագրողների հարցերը վերաբերել են նաև կրթական համակարգում հնարավոր փոփոխություններին, ֆորումին գործընթացի անդամ երկրների` Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների հնարավոր մասնակցությանը, չճանաչված պետությունների կրթության իրավունքին, կրեդիտային համակարգին, գագաթաժողովի ընթացքում նոր համաձայնագրերի ստորագրմանը և շատ այլ խնդիրների:
Նշենք, որ Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթնաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել 1998թ. Սորբոնում չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի կրթության նախարարների ստորագրած համատեղ հռչակագիրը: Սորբոնի հռչակագրում տեղ գտած հիմնական նպատակները՝ ԵԲԿՏ-ի համար ընդհանուր չափորոշիչների ստեղծում, ուսանողների և ակադեմիական անձնակազմի շարժունություն, որակի ապահովում, ամրագրվել են արդեն Բոլոնիայի հռչակագրում, որը 1999թ.-ին ստորագրել է եվրոպական 29 երկիր:
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում