Կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը
2015-05-08
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ ավագ դպրոցների ու վարժարանների «Լավագույն ուսուցիչ» մրցույթի երկրորդ փուլը: Մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ով իր խոսքում կարևորել է ժամանակակից հասարակությունում ուսուցչի հեղինակության բարձրացումը` ընդգծելով, որ լավագույն ուսուցիչները հիմնականում որոշվում են ոչ միայն մրցույթներով, այլ նախևառաջ աշակերտների և հասարակության գնահատանքով:
Ըստ Ն. Հովհաննիսյանի` լավագույն ուսուցիչը կոչում է, որին արժանանում են աշխատանքի ու նվիրումի արդյունքում՝ ողջ կյանքի համար:
Մրցույթին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից ընտրված 21 մանկավարժներ, ովքեր առաջին՝ դպրոցական փուլի հաղթողներ են ճանաչվել: Մասնակիցները նախապես ներկայացրել են իրենց անձնական գործերը, դպրոցի կողմից երաշախավորությունը, ինչպես նաև բաց դասի տեսագրություն: Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը մասնակիցների գնահատումն իրականացնում է «կլոր սեղան» ձևաչափով: Երկրորդ փուլի հաղթողը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին, իսկ հաղթողների անունները, ինչպես միշտ կհրապարակվեն հոկտեմբերին՝ «Ուսուցչի տոնի» հանդիսավոր միջոցառման ժամանակ: