Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
2015-04-29
Երևանի պետական համալսարանի «Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը» հիմնվել է միջառարկայական կրթություն, հետազոտություններ իրականացնելու և գիտության առաջընթացը տարբեր ոլորտներում կիրառելի դարձնելու նպատակով: Կենտրոնի առաքելությունը կրթության, գիտության և արտադրության միջև կամուրջներ ստեղծելն է՝ հիմք ընդունելով կրթության կազմակերպման և գիտական հետազոտությունների իրականացման միջազգային արդիական փորձն ու մոտեցումները:
Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի լաբորատորիաների հնարավորությունները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով: Այստեղ արդեն իսկ իրականացվում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ: Կենտրոնի հետազոտական աշխատանքներում ընդգրկված են նաև ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ:
Շրջայցից հետո ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2015 թվականի անդրանիկ նիստին: Օրակարգը, ի թիվս այլ հարցերի, ներառել է խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունների վերաբերյալ հարցերը: Խորհրդի անդամների կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը, ում թեկնածության օգտին արտահայտվել են ինչպես խորհրդի անդամ դասախոսները, այնպես էլ ուսանողները, նշելով, որ խորհրդի քարտուղարի նոր թեկնածուն ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ է, հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների և 2 մենագրության: Նա նաև Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, առիթ է ունեցել Հայաստանը ներկայացնել միջազգային գիտաժողովներում, որպես ուսանող՝ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում և օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:
Օրակարգի հարցերի շրջանակներում հաստատվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը, ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրությունը: Նիստում խորհուրդը որոշել է հայտարարել Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ: Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակման, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: Որոշվել է ԵՊՀ ռեկտորի բաց մրցութային ընտրությունը անցկացնել 2015թ. հունիսի 19-ին: