Լավ տնօրենը դպրոցի հաջողության երաշխիքն է. Արմեն Աշոտյան

2015-04-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ և հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում: «Դպրոցի համբավը, կրթության որակը մեծապես կախված է նախ տնօրենից. լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, լավ տնօրենն իր հետ բերում է լավ ուսուցիչներ, նա կարգապահություն և օրինականություն է սերմանում, լավ տնօրենին հարգում, միաժամանակ սիրում են աշակերտները և այլն:
Առանց լավ տնօրեն` չկա լավ դպրոց:  Հուսով եմ, որ դուք այդպիսի տնօրեններ կլինեք»,-դիմելով հավակնորդներին` նշել է նախարարը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ 2009 թվականին Ազգային ժողովը հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ ի թիվս այլ դրույթների` ամրագրվել է տնօրենների հավակնորդների վերապատրաստման և քննությունների գործընթացը: «Սա, փաստացի, քննությունների երկրորդ փուլն է. հավաստագիրն ուժի մեջ է 5 տարի, և արդեն ունենք մասնակիցներ, ովքեր մեկ անգամ հաջողությամբ հանձնել են քննությունը, աշխատել տնօրեն: Ներկայումս լրացել է ժամանակը, և նրանք նորից են մասնակցում: Այսինքն` մեխանիզմը վերարտադրվում է, ուստի մենք կայուն ինստիտուցիոնալ գործընթաց ենք նախաձեռնել: Տնօրեն աշխատելու համար հարկավոր է տիրապետել ոչ միայն տարիների փորձին, այլ ունենալ հստակ գիտելիքներ` իրավական, մանկավարժության և այլ ոլորտներում: Տնօրենը պետք է ունենա գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակ, ինչպես նաև սեր առ իր մասնագիտություն, մարդկային բարոյահոգեբանական նկարագրին բնորոշ գծեր»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ քննական հանձնաժողովներում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր օղակներից` ԱԺ, ԿԳՆ, ԿԱԻ և վերապատրաստող կազմակերպություններից: «Այս հինգ տարիներին մենք չենք ստացել որևէ իրական լուրջ բողոք, որ հաստատված լինի: Մենք կարիք ունենք, իհարկե, փոխել կրթական բովանդակությունը, որի համար դեռևս չկա հնարավորություն: Այն է` ստուգել հավակնորդների համակարգչային գրագիտության մակարդակը: Ներկայիս դարաշրջանում դա շատ կարևոր է, որովհետև այսօր կրթական տեխնոլոգիաները զարգանում են այդ ուղղությամբ, որն անհրաժեշտ է տնօրենների և ուսուցիչների մասնագիտական աճի համար»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ hանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  գործընթացը  սկսվել  է  2011թ.  և  համաձայն կարգի` անցկացվել է տարին երկու անգամ: 2011-2014թթ. ընկած ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի  քննությունների համար կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է 2286  հավակնորդ,  քննությանը մասնակցել` 2673,  որից 2039-ին շնորհվել է հավաստագիր, 554-ը չեն հաղթահարել, իսկ 80-ը չեն մասնակցել: 2015թ.  ապրիլի  28-ից  մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվող քննությունների համար վերապատրաստվել է 229 հավակնորդ, քննությանը մասնակցելու համար դիմել 237-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։