Տրանսիլվանիայի հայկական ժառանգությունը գիտական հետազոտության կարիք ունի

2015-04-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ռումինիայի Հանրապետության Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչին, ով Հայաստան է ժամանել այս օրերին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով:
Կարևորելով Կլուժ քաղաքի հայագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Լ. Նաստասե-Կովաչին՝ հայ ժողովրդի ու հայագիտության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և Հայոց Ցեղասպանության միջացառումներին մասնակցելու համար: Այս համատեքստում հանդիպման մասնակիցները անդրադարձել են Ռումինիայում պահպանվող հայկական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ընդգծելով Տրանսիլվանիայի հայկական պահոցների ուսումնասիրության կարևորությունը: Շեշտվել է, որ Հայագիտության ինստիտուտը գտնվում է պատմական Տրանսիլվանիայի տարածքում, որտեղ միջնադարում գործել է մեծ հայկական համայնք, որի գործունեությունից էլ սերունդներին ժառանգվել է պատմական, գրական և մշակութային բազմալեզու արժեքավոր ժառանգություն, որն այսօր սպասում է գիտական հետազոտության: ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ արտերկրում գործող հայագիտական կենտրոնների զարգացումը Հայաստանի Հանրապետության համար առաջնային ուղղություն է: Այս նպատակով քայլեր արվել են նաև Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հայագիտության զարգացման ուղղությամբ, մասնավորապես անցյալ տարվանից Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտում ռումինական կողմի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ դասավանդվում է հայերեն, իսկ Բուխարեստի համալսարանում հայերենի դասավանդումը վերականգնվել է շուրջ 5 տարի: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի բարձրագույն ուսումնական հասատատություններում հայագիտության տարածմանը և զարգացմանը առնչվող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել այդ ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքեր ներդնել:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։