Բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին
2015-04-17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոց, որտեղ վարել է բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին: Նախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կրթական համակարգն անմասն չի մնացել. պետական հանձնաժողովի հավանությանն արժանացած միջոցառումները հավասարաչափ բաշխվել են հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում:
Հանրակրթության համակարգում արդեն երեք համապետական նախաձեռնությունն է իրականացվել. բաց դասեր` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշակերտների կողմից 1.5 միլիոն անմոռուկների պատրաստում, որոնք հանձնվել են պետական հանձնաժողովին` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բաժանելու համար: «Այսօր հերթական նախաձեռնությունն է. ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած Համահայկական հռչակագրի շուրջ քննարկումներ: Հռչակագիրն աննախադեպ, համահայկական պատմական մի իրադարձություն է, որի մասին պարտավոր ենք տեղյակ պահել երեխաներին` կրթական և դաստիարակչական իմաստով: Հռչակագիրն իրականում յուրահատուկ պատմական փաստաթուղթ է մի քանի պատճառներով. նախևառաջ այն հանդիսանում է հիրավի համահայկական, քանի որ մեր երկրի նորագույն պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ ի վիճակի ենք եղել ստեղծել համազգային բնույթի, իղձերի, պահանջատիրության և նպատակների միաձուլման միջոցով միասնական փաստաթուղթ: Այս առումով կարող ենք զուգահեռ անցկացնել բացառապես Անկախության հռչակագրի հետ, որն իր պատմական բնույթով կարևորագույն փաստաթուղթ է, բայց ոչ համահայական: Համահայկական հռչակագիրը ստեղծվել է համայն հայության հիմնական կառույցների ներգրավմամբ` պետական և հանրային, կուսակցական և կրթական, հասարակական և անհատական նախաձեռնությունների շնորհիվ: Որպես պետական հանձնաժողովի անդամ` պատիվ եմ ունեցել ներգրավված լինել այդ փաստաթղթի ստեղծման աշխատանքներում և ականատես եմ եղել` ինչպես է այն ստեղծվել համայն հայության ջանքերով: Հռչակագիրն արդեն այսօր ունի և ապագայում ևս կունենա ահռելի համազգային նշանակություն: Իրավական տեսակետից հռչակագրում առաջին անգամ հստակ թվարկված են միջազգային իրավունքի այն բոլոր իրավական հիմքերը, որոնք ոչ միայն ուժեղացնում են մեր պահանջատիրությունը, այլ հստակ ձևակերպում են մեր ակնակալիքները և անելիքները: Այսօր արդեն հռչակագիրն օգտագործվում է որպես հիմք` տարբեր միջազգային կառույցներում բանաձևերի, հռչակագրերի և ելույթների ժամանակ: Եվրախորհրդարանի բանաձևում օգտագործված են հատվածներ և մտքեր հռչակագրից, իսկ ԵԺԿ–ի բանաձևը գրեթի 90 տոկոսով կրկնել է հռչակագրի դրույթները»,-նշել է Արմեն Աշոտյանը` համոզմունք հայտնելով, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման առավել մեծ հնարավորությունների համար նախ պետք է կառուցել ուժեղ պետություն: «Առանց ուժեղ Հայաստանի Հանրապետության և Արցախի` հնարավոր չէ խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների վերացման մասին: Պահանջատիրության հաջողության բանաձևը սկսվում է հայրենատիրությունից: Արձանագրենք, որ ՀՀ-ն այսօր ունի բավարար արտաքին քաղաքական կշիռ, որ լինի պահանջատեր` իր պատմական իրավունքներին, հետևողական` իր քաղաքական իրավունքներին և լինի համառ` իր անվտանգության պահպանման հարցում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ Հռոմի պապի կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը ևս հիրավի համաշխարհային նշանակության իրադարձություն էր: «Առհասարակ նման հարցում դժվար է սահմանազատել վիշտն ու հպարտությունը. մի կողմից մենք ոգեկոչում ենք մեր զոհերին` այն անելով քրիստոնեական աշխարհի այլ եկեղեցիների հետ և դրա կենտրոններից մեկում, մյուս կողմից` զգում ենք հպարտություն, որովհետև դուդուկ էր հնչում Սուրբ Պետրոսի տաճարի առաստաղի ներքո, որովհետև մեր Վեհափառն ու Արամ Ա. կաթողիկոսը բարձրաձայնում էին մեր հոգևոր և քաղաքական տեսակետները և պահանջատիրական ելույթ ունենում, որովհետև այդ օրը մեզ էր նայում ամբողջ աշխարհը, որը դեռ երկար է խոսելու այդ իրադարձության քաղաքական հետևանքների մասին: Ցեղասպանության 100-րդ տարելիցն իր միջազգային և ազգային միջոցառումներով լինելու է մի հանգրվան, որից նահանջել չենք կարող ոչ միայն մենք, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհը, որն այսօր հիշում և պահանջում է մեզ հետ միասին»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Բաց դասի մասնակից աշակերտները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության և այլ խնդիրների: