ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը

2015-04-17

«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական  համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Խորհուրդը նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնցից առաջինը վերաբերել է բուհի  ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու  իրավական նոր կարգավիճակով: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ներկայացնելով Ա.Աշոտյանին՝ Վ.Հակոբյանը նշել է, որ նա եղել է  բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից, իր  կրթական ու հասարակական-քաղաքական  գործունեությամբ նպաստ է բերել բուհի զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարը շեշտել է, որ բժշկական  համալսարանը կրթական համակարգում ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է և պատահական չէ, որ նրա դերը առանձնակի կարևորվում է: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ  նոր իրավական կարգավիճակով պայմանավորված` լիազոր մարմնի և ռեկտորատի մի շարք իրավասություններ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:
  Նիստի ընթացքում ընտրվել է նաև հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հաստատվել է  «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական  համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը քննարկել է նաև ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը, որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ հաշվի առնելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետի պահպանման կարգը:
  ԵՊԲՀ հոգաբարձուների խորհդի նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։