Ինտելեկտուալ շարժումը պետք է դառնա մշակույթ. Ա. Աշոտյան

2015-04-13

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է «Ամենախելացին» հեռուստանախագծի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցներին: Նախագիծն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա Թի-Վի» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Արմեն Աշոտյանը, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային շաբաթը մեկնարկում է այս ամենապայծառ ու ջերմ հանդիպմամբ: Խոստովանեմ, որ ուշի ուշով հետևում եմ «Ամենախելացին»  խաղին:
Մեծ բավականություն եմ ստանում, երբ տեսնում ձեզ նման երեխաների աչքերի փայլը, հուզմունքը: Հեռուստադիտողին է փոխանցվում յուրաքանչյուրիդ էմոցիան, ձեր հաջողությունը դառնում է  մեր հաջողությունը, և այդ բավականությունն ապրում են հազարավոր հեռուստադիտողներ: Անկախ նրանց, ով կդառնա «Ամենախելացին» նախագծի հաղթողը, դուք արդեն մեր հերոսներն ենք` ճանաչված և սիրված: Վստահ եմ` ձեզանից շատերի անունները դեռ կլսենք այլ ասպարեզներում հաջողություններ արձանագրելիս»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով խաղի կազմակերպման գործում նախարարության մյուս գործընկեր կազմակերպություններին: Նախարարը նաև ընդգծել է, որ հաղորդաշարը հաջողված է` բազմաթիվ արձագանքներից դատելով: «Կարևոր փաստ է, որ հաղորդաշարը հարուցել է հետաքրքրություն դեպի ինտելեկտուալ խաղեր: Եթերաշրջանն այնքան հաջողությամբ է ընթանում, որ երկրորդ եթերաշրջանին մասնակցելու համար արդեն աննախադեպ հետաքրքրության ալիք կա: ԿԳՆ-ի կողմից խոստանում եմ, որ խաղն առնվազն մեկ տարի կլինի եթերում, որպեսզի այս ինտելեկտուալ շարժումը դառնա մշակույթ: Երեխաների մոտ պետք է խրախուսել  սեր դեպի գիտելիքը: Կարևորը՝ նրանք հավատան, որ իրենց կյանքի ճանապարհը կարող է բացվել գիտելիքով: Նախագծի մասնակիցներն արդեն դարձել են ճանաչելի դեմքեր, որոնց հաջողություներով ուրախանում ենք և փնտրում մեր սեփական երեխաների մեջ այս երեխաների վարակիչ կերպարը: Իրականում մասնակիցները տարբեր մարզերի տարբեր դպրոցների երեխաներ են, և սա փաստում է, որ մեր կրթական համակարգն իր ընդգրկուն բովանդակության մեջ տալիս է որակյալ կրթական հիմք նրանց համար, ովքեր ուզում են սովորել: Մենք իրականում ունենք հազարավոր աշխատասեր և ընդունակ, սակայն դեռ  չբացահայտված աշակերտներ»,-նշել է նախարարը` կոչ անելով խիզախել և մասնակցել  ներկայումս ընթացող 14-15 տարեկան մասնակիցների հավաքագրման մարզային փուլին:
Հանդիպման մասնակից աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դասագրքերի բովանդակությանը, 12-ամյա կրթական համակարգին, բարձրագույն կրթության որակին  և կրթական համակարգի այլ  խնդիրների:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։