Չինակական դպրոցի հիմնաքարը կդրվի աշնանը
2015-04-07
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացման և զարգացման հեռանկարներին՝ նախարարն ու դեսպանը կարևորել են նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ կնքված միջպետական համաձայնագիրը, որով նախատեսվում է նաև երկկողմ կրթական կապերի զարգացում, դիպլոմների փոխճանաչում, որը, ինչպես ընդգծել է ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների համար կարևոր ձեռքբերում է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-չինական միջպետական համաձայնագրով հատկացվող կրթաթոշակային ծրագրերին: Նշելով, որ Չինաստանի բարձրագույն կրթության հանդեպ հայ երիտասարդների հետաքրքրությունը գնալով մեծանում է, նախարարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ միջպետական ծրագրի շրջանակում լրացուցիչ տեղեր հատկացնելու համար: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացումն իրենց համար առաջնահերթություն է և դեսպանատունը պատրաստ է աջակցել բոլոր ծրագրերի իրագործմանը: Դեսպան Թիան Էրլունին առաջարկել է ՀՀ ԿԳ նախարարին՝ քննարկել չինարենը Հայաստանի հանրակրթական դպրոցներում որպես օտար լեզու ընդգրկելու հարցը: Նշելով, որ տեսականորեն առաջարկն ընդունելի է և նախարարությունը կարող է Հայաստանի դպրոցականներին որպես օտար լեզու նաև չինարենն ընտրելու հնարավորություն ընձեռել, նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ մինչ այդ անհրաժեշտ է համապատասխան կրթական չափորոշիչ, ծրագրեր, դասագրքեր և դասավանդման մեթոդներ մշակել: Այդ նպատակով ՀՀ ԿԳՆ նախապատվություն է տալիս միջպետական ծրագրով չինարեն լեզվի ուսուցման մասնագիտությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական կապերի զարգացմանը, ինչպես նաև չինական դպրոցի կառուցման կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: