Պարգևներ` «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ

2015-04-07

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին: Շնորհավորելով բոլոր կանանց տոնի առթիվ` նախարարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի «ամենագեղեցիկ» ոլորտներից մեկն է` հաշվի առնելով, թե ինչ մեծ քանակությամբ և դերակատարությամբ կանայք և աղջիկներ են աշխատում այնտեղ:

«Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել բոլոր ուսուցիչ, մանկավարժ և դասախոս հայ կանանց`շնորհակալություն հայտնելով իրենց անբասիր աշխատանքի և ավանդի համար: Հատուկ շնորհավորում եմ նաև հայ ուսանողուհիներին, ովքեր իրենց ներկայությամբ ոչ միայն գեղեցկացնում են մեր ոլորտը, այլ տալիս են փայլուն սովորելու օրինակներ: Մաղթում եմ, որ անպակաս լինի ձեր գեղեցկությունը, երջակությունն ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում, որ մոտակա տարիներին ձեզ շնորհավորենք ոչ միայն գեղեցկության, այլ նաև մայրության բաղադրիչով; Մենք սովորաբար մեծարում և շնորհակալություն ենք հայտնում հայ ուսուցիչներին` նկատի ունենալով դպրոցներում աշխատող մեր կին մասնագետներին: Այսօր նման ձևաչափով առաջին անգամ ենք մեծարում մասնագիտական կրթության ոլորտում աշխատող կանանց, որոնց տրված պարգևները գուցե նաև մի քիչ ուշացած են: Մեր սերը և հարգանքը թող ուղեկցի ձեզ ողջ կյանքում»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանը` ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի բուհերում, քոլեջներում և ուսումնարաններում աշխատող բոլոր կին դասախոսներին` նրանց ընտանիքներին մաղթելով  ամենայն բարիք  և աշխատանքային հաջողություններ:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի» են արժանացել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս Սուսաննա Թումանյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Լարիսա Ավետիսյանը, ՀՀ ԿԳՆ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը և ՀՀ ԿԳՆ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրեն Ջուլիետա Ջոկլինյանը: Մի խումբ դասախոսներ պարգևատրվել են նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:

Միջոցառման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը երաժշտական անակնկալ-նվեր  էր պատրաստել հայ կանանց համար` նրանց նվիրելով իր հեղինակած «Ինձ խոստացիր« ստեղծագործությունը, որը կատարել է երգիչ Հայկոն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։