ԵՄ ծրագրերից ԿԳՆ-ն ակնկալում է փորձագիտական հիմնավոր եզրակացություններ

2015-03-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+  ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչների  հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ նոր Էրազմուս+  նախագծին, մասնավորապես հայկական բուհերի մասնակցությամբ իրականցվող  ծրագրերին: Շեշտելով, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու արդյունավետ գործիք են հանդիսանում, 
նախարարը կարևորել է, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը. «Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են, իսկ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշել է Ա. Աշոտյանը: Արձանագրելով, որ արդեն ավարտին մոտեցող ԵՄ Տեմպուս ծրագիրը եղել է հաջողված, նախարարը հույս է հայտնել, որ  նոր Էրազմուս+  ծրագիրը կշարունակվի ավելի արդյունավետ և նպատակային. «Մեզ համար կարևոր է, որ ԵՄ ծրագրերը որոշակի ազդեցություն ունենան  բարձրագույն կրթության ոլորտում իրականցվող քաղաքականության վրա՝ առաջարկելով փորձագիտական հիմնավոր եզրակացություններ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ առաջնային նպատակներից մեկը բուհերում ակտիվության մեծացումն է, որը կնպաստի ԵՄ չափանիշներով մրցունակ միջազգային փորձագետների ազգային թիմի ձևավորմանը: Էրազմուս+  ծրագրի համակարգողը տեղեկացրել է, 2015 թվականի առաջարկների մրցույթում Հայաստանի բուհերը ընդգրկված են 40 միջբուհական ծրագրերում, որոնցից յոթում հայստանյան բուհերը դիմել են որպես համակարգողներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրեդիտային շարժունությանը (Credit Mobility), կարողությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում (Capacity Building in Higher Education)  և մի շարք կազմակերպչական հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։