Արմեն Աշոտյանը պարգևատրել է քիմիայի օլիմպիադայի հաղթողներին

2015-03-28

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր տեղի է ունեցել քիմիայի առարկայական օլիմպիադայի փակման արարողությունը, որի մրցանակակիրներին շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իր ողջույնի խոսքում նախարարը, մասնավորապես, նշել է. «Սիրելի քիմիկոսներ և օլիմպիականներ, ուրախ եմ, որ մեր դպրոցներում սովորում են ձեզ նման երեխաներ:
Ես լավատեսորեն եմ տրամադված` կապված ձեր ապագայի հետ: Նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք ոչ միայն բացահայտում ենք լավագույններին, այլ ցույց ենք տալիս մեր հասարակությանը և ժողովրդին, որ մեր շարքերում կան արժանավոր շատ երեխաներ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան: Ես համոզված եմ, որ իրականում հաղթել են լավագույնները, սակայն նման բարդ ստուգատեսներում, հատկապես բնագիտական առարկայական օլիմպիադաներում, յուրաքանչյուր երեխա, ով անցել է հաջորդ փուլ, միմիայն գովասանքի և ջերմ խոսքերի է արժանի: Մենք մեծ հույս ունենք, որ հենց ձեր շարքերից կլինեն այն մեդալակիրները, ովքեր մեր երկրին պարգևներ կբերեն միջազգային օլիմպիադաներից: Վերցրեք այդ ջահը նախորդ օլիմպիական սերնդի ձեռքերից և այս տարի նույնպես տարեք առաջ` հանուն ձեր ապագայի, մեր ժողովրդի հպարտության և մեր երկրի պատվի: Սա ձեր կյանքի գուցե առաջին, բայց ոչ ամենապայծառ հաջողությունն է. մնացած հաղթանակներն առջևում են»,- նշել է նախարարը: Նշենք, որ այս տարվանից առարկայական օլիմպիադաները նոր ձևաչափով են անցկացվել, որի արդյունքում ավելի շատ աշակերտներ են մասնակցել հանրապետական փուլին: Առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 43 հազար դպրոցական, որից 7000 աշակերտ` քիմիայի օլիմպիադային: Նրանցից հանրապետական փուլին է մասնակցել 109 աշակերտ: Արդյունքում` 15 աշակերտ արժանացել է դիպլոմների, 19-ը` գովասանագրերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։