Միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. Ա. Աշոտյան

2015-03-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա  է գտնվել Հայաստանում  կրթության միջազգայնացման գործընթացին նվիրված  «Connecting Globally» համաժողովին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը: Բացման խոսքում նախարարն ընդգծել է, որ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. «Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի  հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ:
Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի միջազգայնացման  համատեքստում օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցման զարգացումը կարևոր նշանակություն է ստանում: Նախարարի խոսքով՝ անգլերենի միջազգային չափանիշներով իմացություն հավաստող  թեստերի հաղթահարումը դարձել է    Հայաստանի կրթական համակարգի պարտադիր պահանջ. «Եթե տարիներ առաջ օտար լեզվի իմացությունը կարող էր ընդունվել մարդու մրցակցային առավելություն, ապա այսօր, իսկ մոտ ապագայում առավել ևս,  օտար լեզվի իմացությունն արդեն դիտվելու է պարտադիր պահանջ՝ ամրագրված մասնագետի պաշտոնի անձնագրում: Հետևաբար օտար լեզուների ուսուցման հարցերում մենք պետք է ապավինենք միջազգային չափանիշներով իրենց մրցունակությունն ապացուցած գործիքներին»,- շեշտել է նախարարը ՝հավելելով, որ այս իմաստով Բրիտանական խորհուրդը համարվում է  ՀՀ ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչներին անգլերենի դասավանդման կատարելագործման գործում: Նախարարի խոսքով, ակնհայտ է, որ վերջին տարիներին հայ երիտասարդների մոտ օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցումը, առավելապես սովորողների անձնական նախաձեռնողականության շնորհիվ մեծ զարգացում է ապրել:  Սակայն  օտար լեզվի ուսուցման կատարելագործումը, ըստ նախարարի՝ չի կարելի թողնել միայն սովորողների ու նրանց ծնողների նախասիրությունների վրա. « Մենք այդ բացը լրացնելու համար լայնորեն օգտվել և օգտվելու ենք միջազգային գործընկերների ընձեռած բոլոր  հնարավորություններից, որոնք կբարձրացնեն դպրոցներում օտար լեզուների դասավանդման արդյունավետությունը»,- շեշտել է նախարարը: Ա. Աշոտյանը նաև տեղակացրել  է, որ հաջորդ տարվանից ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ, բացի TOEFEL-ից, իբրև  անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, ընդունել նաև  Բրիտանական խորհրդի կողմից տրվող  IElTS-ի հավաստագիրը: Համաժողովին  ներկա են  եղել նաև  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ՝ ՀՀ բուհերից ու տարբեր դպրոցներից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։