Շվեյցարիան հետարքրված է Հայաստանի բուհական և միջին մասնագիտական կրթությամբ

2015-03-10

  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի երկկողմ կրթական հարաբերությունների զարգացման համար: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, շեշտել է միջբուհական կապերի զարգացման հնարավորությունները  Հայաստանի և Շվեյցարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև՝ առանձնացնելով հնագիտության,  հումանիտար, սոցիալական և հայագիտական ոլորտների մասնագիտությունները:
 Նշվել է, որ հաջողված համագործակցության փորձ ԵՊՀ-ի և Ժնևի համալսարանի միջև արդեն ձևավորված է, որը կարող է  երկկողմ կրթական կապերի հետագա զարգացման խթան հանդիսանալ: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է աշխատանքներ տանել Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջպետական կրթական համաձայնագիր կնքելու և երկկողմ կրթաթոշակային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
  Դեսպան Լուկաս Գասսերը նշել է, որ շվեյցարական կողմն հետաքրքրություն ունի նաև  Հայաստանի միջին մասնագիտական կրթության բնագավառի, մասնավորապես, բժշկական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների  նկատմամբ: Շեշտելով, որ Հայաստանի կրթական հաստատությունների համար միջազգային համագործակցության ընդլայնումը գերակա քաղաքական ուղղվածություն է համարվում՝ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է գյուղատնտեսական և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը Հայաստանի տնտեսության համար:
  Հանդիպման ընթացքում  Շվեյցարիայի դեսպանը վերահաստատել է, որ  մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին շվեյցարական կողմը կմասնակցի  ներկայացվածության  բարձր մակարդակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։