ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԸՆԴԱՌԱՋ ԿԱԶՄԱԿԵՐՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՏԱՌԻ ԵՎ ՊԱՏԻ ԹԵՐԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

2015-03-02

 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Գեղագիտության ազգային կենտրոնի հետ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպում է քաղաքական պաստառի և պատի թերթի դպրոցական փառատոն:Փառատոնի կազմակերպումը բխում է Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովում ընդունված բանաձևի դրույթներից:
Անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանությանը և դրա ճանաչման խնդրին` փառատոնը նպատակ ունի նպաստել աշակերտության շրջանում ցեղասպանության երևույթի նկատմամբ բարոյական վերաբերմունքի և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը: Փառատոնը միտում ունի նաև հարցի շուրջ համախմբվածություն ստեղծելու, արթուն պահելու ազգային հիշողությունը, խրախուսել ներդպրոցական խմբային աշխատանքը:
Որպես արվեստի քաղաքական դրսևորում՝ պաստառը պետք է արտացոլի Հայոց ցեղասպանության և Հայ դատի վերաբերյալ երիտասարդության ճշմարիտ պատմական գիտելիքը՝ պահանջատերի դիրքից:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի հանրակրթական և արվեստի դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ, արվեստի ուղղվածության մասնագիտական ավագ դպրոցներ և գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող այլ կրթօջախներ (կենտրոններ, խմբակներ, հայորդյաց տներ):
Փառատոնին մասնակցելու նպատակով մասնակիցները իրենց պաստառների (պատի թերթերի) լուսանկարները nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով պետք է ուղարկեն մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը: Յուրաքանչյուր դպրոց ցանկության դեպքում կարող է ներկայացնել մեկից ավելի աշխատանքներ, սակայն այս պարագայում հանձնաժողովն իրավունք ունի ընտրելու ներկայացվածներից միայն մեկը:
Միջոցառման արդյունքում կազմակերպվելու է վիրտուալ ցուցադրություն: Մասնագիտական հանձնաժողովի կողմից հաղթողների պարգևատրում նախատեսված չէ: Նախատեսված են միայն դիտողների համակրանքի մրցանակներ:
Սույն հայտարարությանը կցվում է միջոցառման ամփոփագիրը:
Հավելյալ  հարցերով կարող եք դիմել.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.    +374 10 58-13-91, էլ.փոստ.    spyurq@yahoo.com
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»
Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 10 58-75-60, էլ.փոստ.    nkarchakan@gmail.com
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։