Արաբական Միացյալ Էմիրությունները ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը

2015-02-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը  հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն «Շախմատը դպրոցում» կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում և այս հարցում ակնկալում են  հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը:  
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է որ Հայաստանի կրթության  և գիտության նախարարությունը պատրաստ է շախմատի դասավանդման  հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի և բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից,  մինչև մասնագետների վերապատարստում: «Շախմատը մեզ համար ազգային հպարտություն է, ուստի պատահական չէ, որ շախմատի ներդրումը  հանրակրթական դպրոցներում հանրային մեծ աջակցություն է վայելում»,- իր խոսքում ընդգծել է  Ա. Աշոտյանը՝  նշելով, որ ի սկզբանե  հիմնական նպատակը եղել է երեխաների մոտ տրամաբանական մտածողության, ստեղծագործական և վերլուծական մտքի զարգացումը, լիդերության հատկանիշների ձևավորումը:  «Կատարված  գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այս նպատակներն արդարացվել են և շախմատի ուսուցումը նպաստում է նաև այլ առարկաների յուրացման աստիճանի բարձրացմանը»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:
  Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով ՝մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի «Շախմատ»  առարկայի հայկական  դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։