Հայ-լեհական հարաբերությունները` հանդիպման առանցքում

2015-02-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկուն: Նախարարը, շնորհավորելով դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի կրթության և գիտության ոլորտում հայ-լեհական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին: Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, որը լավագույնս դրսևորվում է միջմշակութային և կրթական համագործակցությամբ:
Դեսպան Եժի Նովակովսկին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անդրադարձել է Երևանի պետական համալսարանում լեհերեն լեզվի կենտրոն բացելու հնարավորությանը, որը ըստ դեսպանի, կնպաստի լեհերենի դերի բարձրացմանը հայ երիտասարդների շրջանում:
Կողմերն անդրադարձել են նաև միջպետական համաձայնագրի շրջանակներում Լեհաստանի բուհերում կրթաթոշակային տեղեր հատկացնելու, ուսանողական փոխանակման ծրագրերի, միջբուհական համագործակցության և այլ հարցերի:
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը դեսպանի միջոցով իր լեհ գործընկերոջը հրավիրել է Երևան`  մասնակցելու մայիսին կայանալիք նախարարական գագաթաժողովին, որի ընթացքում 47 եվրոպական երկրների նախարարներ կքննարկեն եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։