Մասնագիտական կրթության ոլորտի քաղաքականության արդյունքները տեսանելի են
2015-02-13
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է քոլեջի ուսումնական և արտադրական հնարավորություններին, հանդիպել ուսանողների և դասախոսների հետ: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով վերջին տարիներին նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, նշել է. «Մենք մեր քաղաքականության շրջանակներում, երբ շեշտադրում ենք անում մասնագիտական կրթության վրա, տեսնում ենք պտուղները:
Այդ պտուղները ոչ միայն նյութատեխնիկական արդիականացման արդյունքներն են՝ ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ, առողջապահական սարքավորումներ, այլև ուսանողների թվի աճը: Եվ սա մեր հիմնական նպատակներից էր, որ մեր երիտասարդներն իրենց մասնագիտության ռացիոնալ ընտրություն կատարեն: Կարևորը, որ այս երեխաներն իրենք են կատարել իրենց ընտրությունը, եկել են արդիական հնարավորություններ ունեցող ուսումնական հասատատություն, և շատերն ավարտելուց հետո աշխատանքի կանցնեն: Սա շատ կարևոր է կրթության և աշխատաշուկայի միջև կապն ամրապնդելու տեսակետից: Ես ուրախ եմ, որ մեր երիտասարդները ռացիոնալ ընտրություններ են սկսել կատարել` կոնկրետ արհեստ սովորել: Մենք վերջին տարիներին կտրուկ ավելացրել ենք պետական պատվերն այս ոլորտում, հանել ենք ընդունելության քննությունները՝ ուսանողը կարող է անվճար մասնագիտական կրթություն ստանալ, որովհետև կառավարությունը երաշխավորել է այդ հնարավորությունը: Քննությունների վերացումը բերեց մարդկային մեծ հոսքի ավելացման և կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցման: Ամբողջ հանրապետության տարածքով մենք վերջին 4-5 տարվա ընթացքում կարողացանք 7000-ով ավելացնել քոլեջներում և ուսումնարաններում սովորողների թիվը, ինչը բավական լավ արդյունք է: Մասնագիտական կրթության նպատակն է ստանալ գիտելիքներ, գնալ աշխատաշուկայում կիրառել դա, արդարացնել պետության և ծնողների սպասելիքները, հետո որոշել և բուհ գնալ: Այո, այսօր ավելի շատ են գնում քոլեջներ և ուսումնարաններ, սակայն առայժմ հնարավոր չի դարձել փոխել բոլոր ծնողների մտածելակերպը՝ այն է, թե եթե ավարտական փաստաթուղթը բարձրագույն հաստատության դիպլոմ չէ, ուրեմն կրթություն չէ: Ավելի լավ է լինել հմուտ ոսկերիչ կամ դիմահարդար, վարսահարդար, ունենալ երաշխավորված աշխատանք, ստանալ բարձր աշխատավարձ, քան համալրել դիպլոմավորված գործազուրկների շարքերը՝ տնտեսագիտություն, մանկավարժություն, լեզվաբանություն, բժշկություն և այլն: Մարդիկ պետք է չբողոքեն, որ ավարտել են և չունեն աշխատանք,քանի որ նույն ՏՏ ոլորտում, օրինակ, բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան»:
Նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է նաև քոլեջում կազմակերպված միջոցառումներին: