ՀՀ ԿԳՆ-ն գործել է բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան
2015-02-11
Այն դեպքերում, երբ ՀՀ կառավարության որոշման, տվյալ պարագայում` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի կանոնադրության և օրենքների միջև առկա է հակասություն, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` գործում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները: Ելնելով վերոգրյալից` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որպես կրթության պետական կառավարման լիազորված մարմին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատելիս գործել է բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ինչ վերաբերում է առկա հակասությանը, ՀՀ ԿԳ նախարարությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները՝ խորհուրդները, պետք է հետամուտ լինեն նմանօրինակ հակասություների վերացման հարցում՝ թյուրընկալումներից խուսափելու և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար: