ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2015Թ./

2015-02-11

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2015-2016 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար*/11 կրթաթոշակային տեղ/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• ինքնակենսագրություն /անգլերեն/ (CV)
• 2 երաշխավորագիր /անգլերեն/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված,
• անձնագրի պատճենը,
• բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
• 3x4 չափի 5 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/  կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`
• ռեֆերատ /հայերեն/,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 11.12.2014 թվականի 1152-Ա/Ք թվակիր հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 27.02.2015թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 2-ից 9-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 616 սենյակ, հեռ. 52-52-07):
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից /2-ը՝ պատճեններով/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։