Կրթությունը սահմաններ չի ճանաչում. հայ-ճապոնական համագործակցություն

2015-02-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիչիրո Սասամեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ս. Ֆարմանյանը: Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ճապոնական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը, բարձր գնահատելով երկու երկրների միջև փոխգործակցության մակարդակը, հիշեցրել է ԵՊՀ պատվիրակության այցը Տոկիոյի Սոկա համալսարան, որտեղ հայ պատվիրակներն արժանացել են ջերմ ընդունելության:
ԵՊՀ ռեկտորի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, այնուհետև բուհերի միջև  ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` կողմերն իրականացնում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների, համատեղ հետազոտությունների և ակադեմիական տեղեկատվության ու հրատարակությունների փոխանակում: «Կրթությունն այն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում, և տարբեր երկրների դպրոցականների, ուսանողների, դասախոսների միջև ամրապնդված կապերը դուրս են այդ սահմաններից: Ճապոնիան ողջ աշխարհին հայտնի է իր ինտելեկտուալ, գիտական ներուժով, և Հայաստանում երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը հետամուտ է ԵՊՀ–ում ճապոներեն լեզվի կենտրոն հիմնելու, որը, ըստ նախարարի, հիմք կծառայի Ճապոնիայի մշակույթին, քաղաքակրթությանը, կրթությանը և պատմությանն առավել ամբողջական ծանոթանալու համար: Արմեն Աշոտյանն առաջարկել է ճապոներեն լեզվի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնել մայրաքաղաքի կամ մարզի որևէ հանրակրթական դպրոցում:
Կենիչիրո Սասամեն իր հերթին նշել է, որ շատ ոգևորված է հայ երիտասարդների` ճապոներեն լեզվի և մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ` ընդգծելով, որ «Ճապոնիա» հիմնադրամը կանի հնարավորը` հայ-ճապոնական համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ճապոնիա» հիմնադրամի առաջարկած դրամաշնորհային ծրագրի շրջանակում ճապոներեն լեզվի ուսուցիչների և դասախոսների հնարավոր վերապատրաստման, ճապոներենի մասսայականացման, մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր իրականացնելու հնարավորությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։