«Լավագույն ուսանող» մրցույթի ամփոփում
2015-02-06
Առաջին փուլը ներբուհականն է՝ մրցույթն անցկացվել է բուհերի հանձնաժողովների կողմից: Երկրորդ փուլում մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի կողմից:
Մրցութային հանձնաժողովի կազմը գլխավորում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը, այն կազմված էր 11 անդամից և ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի, Երիտասարդական հիմնադրամի և ուսանողական համայնքի ներկայացուցիչներից:
Մրցույթը անցկացվել է յոթ ոլորտներում. բնագիտական` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն և գյուղատնտեսություն, մշակույթ-սպորտ և հայագիտություն:
Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` 1-ին կուրսի առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, յուրաքանչյուր բուհից, յուրաքանչյուր ոլորտում ներկայացվել է մեկական թեկնածու՝ 1 բակալավր, 1 մագիստրոս:
Մրցութային հանձնաժողովի կողմից գնահատման հիմնական չափանիշներն են հանդիսացել՝ առաջադիմությունը, գիտական աշխատանքները, հասարակական ակտիվությունը, մասնագիտական ձեռբերումները, կիրառվել է գնահատման 3-ից 10 միավորանոց սանդղակ:
Մրցույթի հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն գումարային միավորների քանակով, իսկ ըստ ոլորտների ներկայացված թեկնածուների հավասար միավորների դեպքում հանձնաժողովն առջնորդվել է մեկ ուսումնական տարվա արդյունքների միջին որակական գնահատականի առավելագույն արդյունքներով` ուսման առաջադիմությամբ:
Մրցույթում հաղթող են ճանաչվել 38 ուսանող, այդ թվում ` 1-ին տեղ` 14, 2-րդ տեղ` 12 և 3-րդ տեղ՝ 12: Առաջին տեղի համար սահմանվել է 440.000, երկրորդ տեղի ՝ 270.000, իսկ երրորդ տեղի՝ 220.000 ՀՀ դրամ:
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանող արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայրապետական կրթաթոշակի» ցուցաբերած բարձր առաջադիմության համար՝ ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ: