Նոր կադրերի պատրաստման եռակողմ հուշագիր
2015-01-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներկա է եղել բուհի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են բարելավել և զարգացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման կազմակերպումը:
Մասնավորապես, շեշտվել է կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտական անհրաժեշտ կադրերի պատրաստման կարևորությունը և քերակատորաղական հիմնարկներում բանտային ՝ պենիտենցիար բժշկության համակարգի ներդրումը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում կարևորել է այս նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն նոր խթան է նպատակային կրթական ծառայությունների մատուցման տեսանկյունից. <<Բուհի կարևոր առաքելությունը նպատակային մասնագետներ պատրաստելն է, և ես գործընկեր գերետեսչությունների այս նախաձեռնությունը հատկանշական եմ համարում` նեղ մասնագետների պատրաստման տեսանկյունից: Այս ծրագիրը որոշակի պատվեր է բուհին՝ պատրաստել այնպիսի կադրեր, որոնք ապագայում պահանջված կլինեն աշխատաշուկայում>>,- նշել է Ա. Աշոտյանը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իրենց խոսքում կարևորել են նախաձեռնությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը կնպաստի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև կրթության, առողջապահության և իրավական համակարգի ներկայացուցիչներ: