«Շախմատը դպրոցում» նախաձեռնությունը պատիվ կբերի ցանկացած երկրի. Ա. Աշոտյան

2015-01-27

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի պաշտոնական բացումը: Միջոցառմանը մասնակել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով կենտրոնի բացումը, նշել է, որ նախարարությունը լիարժեք և շարունակական աջակցություն կցուցաբերի կենտրոնին: 
«2009 թվականից առ այսօր Սմբատ Լպուտյանի հետ  լծվել ենք «Շախմատը դպրոցում» ծրագրի իրականացմանը: Այս նախաձեռնությունը ՀՀ կրթական համակարգի լավագույն պատմություններից մեկն է: Գուցե վաղ է խոսել ծրագրի արդյունքի մասին, սակայն վստահեցնում եմ, որ կրթական նման լայնամասշտաբ նախաձեռնությունը պատիվ կբերի ցանկացած երկրի: Մենք տարիներ շարունակ ներմուծել ենք կրթական առաջատար տեխնոլոգիաներ. ներկայումս մենք հնարավորություն ունենք` ի դեմս շախմատի, ունենալ արտահանվող արդյունք: Վստահեցնում եմ ձեզ, որ տասնյակ երկրների նախարարներ մեծ հետաքրքրություն են դրսևորում «Շախմատը դպրոցում» ծրագրի հանդեպ»,-նշել է Ա. Աշոտյանը` տեղեկացնելով, որ մարտին Ս. Լպուտյանի հետ կներկայացնի ծրագրի արդյունքները ԱՄԷ-ում կայանալիք համաշխարհային կրթական համաժողովին: «Կենտրոնի բացումը լավագույն պատասխանն է երբեմն հնչող քննադատություններին: Իհարկե, այս ամենում կա հանրային կարծիքի ձևավորման լավագույն փորձ, երբ աշխարհի առատատար ԶԼՄ-ները լուսաբանում են վերոնշյալ ծրագիրը, որը մեր երկրի մասին դրական հիշատակումների անսպառ աղբյուր է»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ կենտրոնի բացմամբ ավելի խորքային վերլուծության կենթարկվի ծրագիրը և հիմք կհանդիսանա հետագա քաղաքականության շտկման համար:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ավելի վաղ բուհում կայացած «Շախմատը կրթական համակարգում» համաժողովը երևույթ էր մեր երկրի գիտական կյանքում, քանի որ համաժողովին մասնակցել է 31 երկրի ներկայացուցիչ, հնչել են բազմաթիվ արժեքավոր գիտական զեկույցներ: «Համաժողվին հանդես է եկել նաև գիտնականների մի խումբ, որը ձևավորվել էր բուհի երիտասարդ դասախոսներից` հոգեբան, սոցիոլոգ և այլն: Խումբը կատարել էր հետազոտական աշխատանք, որը մեծ ռեզոնանս է ունեցել, այդ թվում` արևմտյան մամուլում: Այդ է պատճառը, որ մենք չէինք կարող հրաժարվել այս նախաձեռնությունից: Եվ ահա այսօր շախմատի ակադեմիայի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ բացվում է շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, որը համալրված է 11 աշխատակցով: Պատահական չէ, որ մեր այս նորամուծությունը հետաքրքրել է արևմտյան մի շարք առաջատար բուհերի»,-նշել է ռեկտորը:
ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշել է. «Մենք պետք է այս ծառը ջրենք, հոգատար սիրով մեծացնենք, որպեսզի այն տա համեղ և օգտակար պտուղներ ոչ միայն մեր երկրի, այլ նաև ողջ աշխարհի համար»,-նշել է նա:
Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը ներկայացրել կենտրոնի գործունեությունը, մարտահրավերներն ու նպատակները` ընդգծելով, որ կենտրոնի նպատակն է  նպաստել հանրակրթական դպրոցում շախմատի ուսուցման որակի շարունակական բարելավմանը և իրականացնել այդ գործընթացի մշտադիտարկում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։