Նորագույն տեխնոլոգիաներ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում

2015-01-26

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի (ՍՏՈՒԿ փրոդաքշն) բացումը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնի սրահներում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաներին, զրուցել կենտրոնի աշխատակիցների և ուսանողների հետ: Ողջունելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ կենտրոնի բացումը հերթական միջոցառումն է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործունեության արդյունքում:
«Ծրագրի շրջանակում կրթության և գիտության նախարարությունը հատկացրել էր 6 մլն դոլարին համարժեք գումար, որի արդյունքում ՀՀ 10 բուհ հնարավորոթյուն են ստացել արդիականացնել  իրենց ուսումնական բազաները, կրթական ծրագրերը, ներմուծել կրթական նոր տեխնոլոգիաներ»,-նշել է նախարարը` հավելելով, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ կառավարությունից շարունակական աջակցություն է ստանում: «2014 թվականի համեմատ ՀՀ կառավարությունն այս տարվա պետական բյուջեով 37 մլն. դրամ հավելյալ գումար կտրամադրի բուհին, որը հնարավորություն կտա ենթակառուցվածքների զարգացումից բացի իրականացնել նաև այլ ծրագրեր: Կարծում եմ` ներդրումները բուհում պարտավորեցնում են այս թանկարժեք տեխնիկան ծառայեցնել իր նպատակին, որպեսզի ուսանողները կարողանան իրենց ունակությունները  լավագույնս դրսևորել»,-նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համընթաց ՀՀ կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ ու մեխանիզմներ: Այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ստեղծումը, որը բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է: ՆՄՀ-ի աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի ստեղծումը նպատակ ունի նպաստել ԵԹԿՊԻ-ի ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ապահովել նորարական տեխնոլոգիաների ներդրումը բուհում` համադրելով թվային մեդիայի՝ հեռուստատեսության, կինոյի, անիմացիայի, խաղարկային արվեստի նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում: Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար ստեղծված միջավայր է՝ սովորելու և ստեղծագործելու համար: Ուսանողները հնարավորություն ունեն ստեղծագործել և ծրագրավորել մեդիայի ոլորտում, թիմերով աշխատել իրական նախագծերի վրա: Ինստիտուտում իրականացվել է տեխնիկական և ծրագրային զինում, ստեղծվել են լաբորատորիաներ և տաղավարներ:
Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն է տվել.
* Մշակել և ներդնել կինոարվեստի ուսուցման մասնագիտությունների և մասնագիտացումների կրթական նոր ծրագրեր՝ խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, վավերագրական ֆիլմի ռեժիսուրա, անիմացիոն ֆիլմի ռեժիսուրա, կինոմոնտաժի ռեժիսուրա, հնչյունային ռեժիսուրա, հեռուստառեժիսուրա, համակարգչային գեղարվեստական նախագծում, օպերատորություն, գրական ստեղծագործություն և կինոգիտություն մասնագիտությունների համար:
* Վերապատրաստել և ուսուցանել դասախոսներին և ուսանողերին` պատրաստելով աշխատանքային շուկայում հեռանկարային և պահանջարկված մասնագիտություններով շրջանավարտների:
* Բարելավել ԵԹԿՊԻ-ի կրթական գործընթացների որակը` առցանց պլատֆորմի գործարկման միջոցով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։