2014 թվականի տարվա մարդը հայ զինվորն է. Արմեն Աշոտյան
2015-01-19
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում շնորհավորել և շնորհակլակություն է հայտնել հայոց բանակին՝ առաջիկա Բանակի օրվա և անցած 2014 թվականի համար. «Շնորհավորում եմ հայոց բանակին անցած տարվա համար. 2014թ.-ի տարվա մարդը միանշանակ հայ զինվորն է, տարվա կառույցը` պաշտպանության նախարարությունը, հայոց բանակը»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ 2015թ.-ին առաջին անգամ՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ, Հայաստանի բոլոր դպրոցներում կազմակերպվելու է միջոցառում` նվիրված հայոց բանակին:
Ա. Աշոտյանը, որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն նախադրյալ, կարևորել է հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքը՝ նշելով, որ միջգերատեսչական համագործակցության արդյունքում ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել: Նախարարը մասնավորապես տեղեկացրել է, որ կրթական ծրագրերում կատարվել է նորամածություն` 2014թ. հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան, կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև ավարտական դասարաններում ՆԶՊ-ն քննական առարկա դարձնելու ծրագիրը: Համատեղ աշխատանքի արդյունքում 2014 թվականին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու մասին:
«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող պետական քաղաքականության հիմնական բաղադրիչներից է: Սա ազգային ինքնության պահպանման հայեցակարգի մի մասն է. այդ համատեքստում Հայաստանի դպրոցներում կարևորագույն առարկաներ են դիտվում «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը», «Հայոց պատմությունը», ՆԶՊ-ն, «Հայոց եկեղեցու պատմությունը»»,- նշել է Ա. Աշոտյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված, արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ շեշտելով, որ երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործին տարեցտարի ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ: Պաշտպանության նախարարն ընդգծել է Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաև արցախյան պատերազմի ընթացքում ձեռքբերված արժեքները աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ ռազմահայրենասիրական կրթությունը ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի կարևոր դրույթներից է:
Համաժողովի ընթացքում հաշվետու ելույթներով հանդես են եկել ՊՆ տեղեկատվության և վերլուծության վարչության պետ Վ. Ավետիսյանն ու ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Այվազյանը:
Ներկաները հարցեր են ուղղել ոլորտների պատասխանտուներին, ներկայացվել են առաջարկություններ՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Մասնավորապես առաջարկվել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համատեղ քննարկելու ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումները:
Միջոցառման ավարտին հայրենասիրական դաստիարակության բնագավառում ներդրած ավանդի համար տարբեր գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շքանշանների, պարգևների ու շնորհակալագրերի: