Հայտնի են Հայաստանի լավագույն դպրոցները
2015-01-14
Այսօր տեղի է ունեցել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցի տնօրեններ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, հիշեցրել է, որ նախորդ տարի նախարարությունը նախաձեռնել էր փորձնական ծրագիր` մշակել ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը, թե ինչպիսի որակ են ապահովում ՀՀ դպրոցները` ելնելով միջազգային չափանիշներից, որոնք ընկած են ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում:
Ներկայացնելով արդյունքները` նախարարը նշել է, որ դրանք մաքսիմալ արժանահավատ են: «Իհարկե, հետագայում հաշվարկման համակարգում և մեթոդաբանության մեջ կարող են լինել փոփոխություններ, բայց որ կատարվել է անաչառ աշխատանք, դա աներկբա է: Ծանոթանալով արդյունքներին` պետք է փաստել, որ ակնհայտ են առաջատար դպրոցները, բայց համակարգի բնականոն գործունեության համար ոչ պակաս կարևոր են ցուցակի հետնապահները, որոնք համակ ուշադրության, լրացուցիչ հոգածության և, ինչու չէ, կադրային փոփոխության կարիք ունեն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ խմբերը բաժանվել են այնպիսի մեթոդաբանությամբ, որպեսզի միևնույն խմբում լինեն համեմատելի դպրոցներ` օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «Սա վերջին մոտեցումն է միջազգային վարկանիշավորման գործընթացում, երբ տրվում է բազմավարկանիշային համակարգ, որը թույլ է տալիս համեմատել համեմատելիները: Ուրախալի փաստ է, որ խմբերի առաջատար տասնյակում մարզային և մայրաքաղաքի դպրոցները հավասար տեղեր են զբաղեցնում` փաստելով դրանց հավասարաչափ կրթական հնարավորությունները և համադրելիությունը: Հերքվում է այն տարածված կարծրատիպը, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ստանալ լավ կրթություն»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ կա նաև միջմարզային մրցակցություն: Նախարարը խոստացել է, որ առաջիկայում լավագույն դպրոցները կունենան ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական խրախուսանք, իսկ գալիք տարի կշնորհվեն համապատասխան վկայականներ: Ըստ Արմեն Աշոտյանի` ավագ դպրոցների խմբում առաջատար տասնյակում են նաև բուհերին կից դպրոցները, ինչը փաստում է, որ քաղաքականությունը` տալ բուհերին հնարավորություն` զարգացնել նախամասնագիտական կրթությունն ինքնուրույնաբար, տալիս է իր արդյունքը: «Ամփոփելով վարկանիշավորման համակարգի արդյունքները` կարող ենք նշել, որ դպրոցներն ավելի կազմակերպված են դարձել, առավել ուշադրություն են դարձնում իրենց աշխատանքի գնահատման ներքին և արտաքին ցուցանիշներին համապատասխանելու մեթոդաբանությանը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ վարկանիշավորման իմաստներից մեկն էլ քննարկումների ծավալումն է: Արմեն Աշոտյանը միաժամանակ տեղեկացրել է, որ եղել են դպրոցներ, որոնք տրամադրել են ոչ ստույգ տեղեկատվություն: Ըստ նախարարի` նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի` այն դպրոցները, որոնք կներկայացնեն ոչ արժանահավատ տվյալներ, կպատժվեն` ստանալով զրո ցուցանիշ: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը պատրաստվում է վարկանիշավորման համակարգը փոխանցել կամ համատեղ իրականացնել հասարակության և բուհերի վստահությունը վայելող որևէ ոչ պետական կառույցի հետ, ինչպես բոլոր միջազգային վարկանիշավորման համակարգերի պարագայում է:
Վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը և իրականացված փոփոխությունները ներկայացրել է ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
Նշենք, որ կատարվել է 1389 դպրոցների վարկանիշավորում, որոնցից 1357-ը պետական և 32-ը՝ ոչ պետական: Այս տարի ևս չեն վարկանիշավորվել տարրական, ինչպես նաև հատուկ և մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Հանրակրթական ուսումնական հաստատությունները վարկանիշավորվել են ցուցանիշների 5 խմբով, որի արդյունքում ձևավորվել է յուրաքանչյուր դպրոցի ընդհանուր վարկանիշը: Ցուցանիշների խմբերը հետևյալն են` 1. սովորողներ, ուսումնառություն, 2. ուսուցիչներ, 3. դպրոցի ակտիվություն, 4. ներդպրոցական ակտիվություն, 5. կառավարման արդյունավետություն:
Վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքները ներկայացված են http://schoolrate.armedu.am ինտերնետային կայքում: