2014-12-30
սիրելի ուսանողներ և աշակերտներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր տարեմուտ խորհրդանշական է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս բոլորիս հաշվետու լինել կատարած աշխատանքի համար և նախանշել գալիք տարվա անելիքները:
Լավատեսությամբ և ապագա հաջողությունների հաստատակամությամբ լի ցանկանում եմ, որ գալիք 2015 թվականը մեր դպրոցականների և ուսանողության համար լինի գիտելիքի վերարժևորման, մրցունակ, միջազգային չափանիշներին համարժեք մասնագիտական գիտելիքների ձեռքբերման տարի:
Բարձրակարգ, որակյալ կրթության ապահովումը, կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվությունն ու խստապահանջությունը թող շարունակեն մնալ առաջնահերթ ուղենիշը` մեր մանկավարժների և դասախոսների համար:
Թող հայ գիտնականների և հետազոտողների նորարարական միտքը նվաճի գիտության բարձունքները, և հնարավորություն ունենանք աշխարհին ներկայանալ ոչ միայն մեր ավագ սերնդի, այլև երիտասարդ գիտնականների նորանոր անուններով:
Ցանկանում եմ, որ գալիք 2015 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, միասնության, հաղթանակների, իսկ յուրաքանչյուրիդ համար՝ մասնագիտական նոր ձեռքբերումների, ստեղծագործ աշխատանքի և առաջընթացի տարի:
Թող Սուրբ Ծննդյան խորհուրդն ու Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունն ուղեկից լինեն բոլորիս ողջ տարվա ընթացքում:
Մաղթում եմ լավատեսություն և անձնական երջանկություն: