Անվճար ուղևորություն Հնդկաստան

2014-12-28

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:
Նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում, ողջունելով մասնակից հայ դպրոցականներին, ընդգծել է, որ մրցույթին մասնակցելու հնարավորություն են ունեցել հանրապետության բոլոր դպրոցները, իսկ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք են ստացել ավելի քան երկու հարյուր աշակերտ:  Արմեն Աշոտյանը, կարևորելով դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական կրթամշակութային կապերը, նշել է, որ այսօր ևս  նախարարության և դեսպանատան սերտ աշխատանքի արդյունքում գիտակրթական ոլորտում համագործակցության լուրջ հեռանկարներ են առկա: Նախարարն անդրադարձել է առաջիկայում ստորագրվելիք հայ-հնդկական համագործակցության հուշագրերին, որոնք կխթանեն ինչպես նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը, այնպես էլ առավել դյուրին կդարձնեն դիպլոմների փոխճանաչման, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի փոխանակման գործընթացները:
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն խոսքեր է հղել հայ աշակերտներին և ներկա ծնողներին «Հնդկաստանն իմ պատկերացումներով» ստեղծագործական մրցույթի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և ընդգծել, որ եզրափակիչ փուլի մասնակիցների համար ապահովված են լավագույն պայմանները ստեղծագործական ներուժն ու երևակայությունը դրսևորելու համար:
 Նշենք, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կազմակերպվել է 12-14 և 15-17 տարիքային խմբերի դպրոցականների համար: Եվ նկարչության, և շարադրության մրցույթի յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված են մրցանակային 3 տեղեր: 1-ին տեղի 4 մրցանակակիրները Ֆրանկֆուրտի տարածաշրջանային տուրիզմի գրասենյակի և Հնդկաստանի տուրիզմի և մշակույթի նախարարության կողմից կստանան մեկշաբաթյա անվճար ուղևորության տոմսեր դեպի Հնդկաստան: Բոլոր հաղթողներն ու նրանց ծնողները կհրավիրվեն Հնդկաստանի ազգային տոնին (անկախության օրվա) նվիրված միջոցառմանը (26 հունվար, 2015թ.), որի ընթացքում էլ հաղթողները կստանան իրենց մրցանակները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։