Արմեն Աշոտյանն ամփոփել է 2014թ. կրթության և գիտության ոլորտում կատարված աշխատանքները
2014-12-20
Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել է
2014 թվականին կրթության և գիտության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին և բացթողումներին: «2014թ. նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր,
որն ուղեկցվում էր հին խնդիրներով»,- նշել է նախարարը` պայմանականորեն առանձնացնելով այս տարվա 5 խոշոր ձեռքբերումները, որոնցից առաջինը, ըստ նախարարի, ուսանողների սոցիալական աջակցության նոր, աննախադեպ փաթեթի ներդրումն էր, որը հետևանք էր՝ «Բարձրագույն և հետբուհակալ կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված նոր երաշխիքների: «Նոր օրենքը պարտադրում է բոլոր բուհերին իրենց վճարովի ծառայությունների 7 տոկոսն ուղղել ուսանողական զեղչերին, թվարկում այն սոցիալական խմբերին, որոնց հասանելի է դառնում երաշխավորված ուսման վարձերի զեղչը: Միաժամանակ, կառավարությանը իրավունք վերապահվեց՝ սահմանելու ուսման վարձի վերին շեմ և ընդլայնվեց «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Այս ամենի արդյունքում` միայն այս տարի, շուրջ 2000 երիտասարդ հնարավորություն ստացավ օգտվել պետության կողմից երաշխավորված նոր սոցիալական ծրագրից` այդպիսով ունենալով ավելի մատչելի բարձրագույն կրթություն»,- նշել է Արմեն Աշոտյանը: Երկրորդ ձեռբերումը, ըստ նախարարի, նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրն է, որի շրջանակներում ՀՀ 10 բուհեր ստացան մոտավորապես 3.7 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն` նոր կրթական ծրագրերի և ենթակառուցվածքների ներդրման համար: Որպես երրորդ ձեռքբերում` նախարարն առանձնացրել է կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը, որը նույնպես երկարաժամկետ գործողությունների ծրագիր է՝ հիմնված միջազգային և ազգային կրթական համակարգերի լավագույն ավանդույթների և նոր մեխանիզմների ներդրման վրա: «Չորրորդ ձեռքբերումը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրության ընդունումն է, որով հայտ ենք ներկայացրել՝ անցնելու տոտալ ներառականության սկզբունքին: Նոր օրենք, որը հեղափոխական է երեխայի կրթության և իրավունքի ապահովման տեսանկյունից, որը շատ հավակնոտ էր ի սկզբանե, որն իր մեջ պարփակել է միջազգային լավագույն փորձն ու տեղական կառույցների ցանկությունը՝ ՀՀ կրթական համակարգը դարձնել մաքսիմալ ներառական, մատչելի, հասանելի բոլոր երեխաների համար՝ անկախ իրենց ֆիզիկական կամ որևէ այլ սահմանափակումներից»,- նշել է նախարարը: Հինգերորդ ձեռբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքն է, երբ Հայաստանի աշակերտական թիմերը նվաճել են 19 օլիմպիական մեդալ՝ միջազգային առարկայական օլիմպիադաներից: «Ցուցանիշ, որին մենք երբեք չէինք հավակնում այս տարիների ընթացքում, և որը վկայությունն է կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների արդյունավետության և մեր երեխաների ու կրթական համակարգի մրցունակության»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս 5 խոշոր ձեռքբերումներից զատ իրականացվել են նաև բազմաթիվ այլ ծրագրեր. «2014թ կայացված լավագույն որոշումներից մեկը բարձրագույն կրթության ոլորտում նոր մասնագիտությունների ցանկը հաստատելու որոշումն էր: ՀՀ-ում երկար տարիներ գործում էր բարձրագույն կրթության մասնագիտությունների հետխորհրդային ցանկ, և տրվող մասնագիտությունները չէին համապատասխանում միջազգային որակավորումներին: Խնդիրներ էին առաջացնում կրթական փաստաթղթերի ճանաչման հետ կապված: Մենք ունեինք մասնագիտություններ, որոնք ունեինք միայն մենք: Երկու տարի աշխատեցինք՝ մշակելով մասնագիտությունների նոր ցանկ, որը հիմնականում ամբողջությամբ համադրելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և EUROSTAT-ի դասիչների ու որակավորումների ցանկի հետ: Սա նշանակում է, որ հաջորդ ընդունելության քննություններից սկսած` հանրապետության բուհերը պարտավոր կլինեն ներդնել տվյալ մասնագիտություններով կրթական ծրագրեր: Սրա հետևանքով բուհերում մեկնարկելու է կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների հսկայական գործընթաց, որը բերելու է ֆակուլտետների վերաբաշխմանը, նոր ամբիոնների ստեղծմանը, որոշ ամբիոնների, ֆակուլտետների միաձուլմանը: Այսինքն՝ մենք բուհերին տվել ենք հանձնարարական՝ համապատասխանեցնել իրենց կրթական ծրագրերը և կառուցվածքները՝ ելքային արդյունքներին: Այս տարվա ընթացքում ներդրվել է նաև ազգային երգ ու պար. պիլոտային ծրագիրը, որը նպատակ ունենք տեսանելի ապագայում դարձնել պարտադիր բոլոր դպրոցների համար: 2014թ. մենք ունենք նաև արդեն 139 ներառական դպրոց: Համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին խոսելով` պետք է արձանագրել, որ կոռուպցիան նահանջել է: Ոչ միայն մեր կարծիքով, այլ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած զեկույցի, որի համաձայն` կրթությունը կոռուպցիա ունեցող ոլորտների առաջին եռյակում չի մտնում: Մեծ ուշադրություն է դարձվել նախնական և միջին մասնագիտական ուսուցմանը: Հայաստանում միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների թիվը 14500-ից դարձել է շուրջ 21000: Սա նշանակում է, որ մենք լրացուցիչ տեղեր ենք ստեղծել. Հիմնականում`պետպատվեր հիմունքներով»,-նշել է նախարարը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով նաև կրթության ոլորտի բացթողումներին: Արմեն Աշոտյանը խոշորագույն բացթողում է համարել այն, որ նախարարությունը չի կարողացել միանգամից բավարարել այն բոլոր սպասումները, որ կան կրթության համակարգից, որը, ըստ նախարարի, ունի ևÕ› օբյեկտիվ, ևÕ› սուբյեկտիվ հիմքեր: «Համակարգի ամենախոշոր խնդիրներից մեկը կոռուպցիան է, մյուսը՝ անարդարությունները. համակարգում աշխատող շահառուների մի զգալի մասը համարում է, որ համակարգը դեռ ամբողջությամբ արդար չէ: Խոսքը հիմնականում աշխատանքի տեղավորման և ազատման խնդիրների մասին է: Մի կողմից հասարակությունը մեզ պարտադրում է երիտասարդացնել կադրերը, մյուս կողմից՝ հասարակության մի հատված՝ լրատվամիջոցների օգնությամբ, մեզ քննադատում է, եթե հանկարծ տեղի են ունենում կրճատումներ: Կրթության համակարգը ամենախոշոր գործատուներից մեկն է, մեծ թվով շահառուներ կան այս համակարգում: Սա նշանակում է, որ մի կողմից ունենք կրթության դոմինանտ՝ որակյալ և մատչելի կրթություն, մյուս կողմից՝ սոցիալական բեռ, հավելյալ աշխատուժ, որի կարիքը չկա, եթե կոշտ թվերով խոսենք, 10.000-ից ավել հավելյալ մանկավարժներ, մի քանի հազար հավելյալ դասախոս և տեխնիկական անձնակազմ: Մի կողմից ունենք սոցիալական խնդիր, մյուս կողմից՝ կրթության արդյունավետության բարձրացման խնդիր»,- նշել է նա:
Նախարարը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: