Դեսպան Ջ. Հեֆերնը Ա. Աշոտյանին մաղթել է բարեփոխումների շարունակականություն

2014-12-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում  դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր գործունեության ընթացքում ՀՀ կրթության ոլորտում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի համար՝ մասնավորապես շեշտելով  հայաստանյան բուհերին ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, FLEX ծրագրին հայ աշակերտների մասնակցությունը, երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղվածությունը, բուհերի ապաքաղաքականացմանն ուղղված հետևողական ջանքերը:

Շեշտելով, որ կրթությունը երկկողմ համագործակցության կարևոր ոլորտներից է,
դեսպանը  հետաքրքրվել է գալիք տարվա կրթական ծրագրերով և Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքով՝  մաղթելով, որ դրանք լինեն շարունակական: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես  կիրառական նշանակության և  աշխատաշուկայի  զարգացմանը միտված նոր կրթական ծրագրերին, բուհերի տեխնիկական արդիականացման և ՏՀՏ ոլորտի  մրցունակության բարձրացման հնարավորություններին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։