ԵՄ աջակցությունը ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

2014-12-16

Երևանի Էրեբունի Պլազա հյուրանոցում այսօր տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի՝  2007-2015 թթ. ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԿՈՒ  ոլորտի բարեփոխումների իրականացման արդյունքների իրազեկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և  գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության  ղեկավար Տրայան Հրիսթեան, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտի մասնագետներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ-ն իրավամբ հանդիսանում է նախարարության կարևորագույն գործընկերը.
«Ոլորտներ կան, որտեղ ԵՄ աջակցությունը ճակատագրական է եղել այդ բնագավառի զարգացման համար: Միջին մասնագիտական կրթության ոլորտն անկախության ձեռքբերումից ի վեր վերագնահատման կարիք է ունեցել: 2007 թվականից մեկնարկած բյուջետային աջակցության ծրագիրը հնարավորություն է ընձեռել Հայաստանին` նոր որակի փոփոխություններ իրականացնել վերոնշյալ ոլորտում: ԵՄ աջակցությունն արժեքավոր է ոչ միայն ֆինանսական և բովանդակային առումով. ԵՄ-ի շնորհիվ 2007 թվականից ի վեր ձևավորվել է դոնորների մեծ կոալիցիա: Եթե չլիներ ԵՄ աջակցությունը, գուցե այլ նախաձեռնություններ ևս չլինեին: ԵՄ աջակցությունը կարևորագույն ազդակ էր, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում սկսում են զգալի փոփոխություններ»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ աջակցությունը ոլորտին կկրի շարունակական բնույթ: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ 2014-15 թվականի բյուջետային աջակցության ծրագրով կվերանորոգվի հինգ քոլեջ, կիրականացվի վերազինման և ժամանակակից սարքավորումներով համալրման գործընթաց:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության  ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին կարևորել է աջակցությունը միջին մասնագիտական կրթության ոլորտին` կրթություն-աշխատաշուկա կապի, նոր ստանդարտների և չափորոշիչների ներմուծման տեսանկյունից` որպես օրինակ բերելով ԵՄ աջակցությամբ վերազինված 12 տարածաշրջանային քոլեջներ:
Նշենք, որ Հայաստանը միացել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը կիսող երկրների խմբին 2004թ.-ին: Հայաստանի Հանրապետությանը բյուջետային աջակցությունը կազմել է 40 մլն եվրո՝ 2007-2015թթ. ժամանակահատվածում: Նախատեսված էր ՄԿՈւ կառուցվածքը և բովանդակությունը տարրական մակարդակից հասցնել առաջավոր մակարդակի` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Ծրագրի կարևոր տարրերից մեկը՝  Հայաստանում ՄԿՈւ համակարգի բարելավումն էր. այդ նպատակով ընտրվել են  12 փորձարարական քոլեջներ, որոնք ստացել են համապատասխան աջակցություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։