Հայաստանը` համաեվրոպական կրթական նախաձեռնությունների հեղինակ
2014-12-11
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել ԵՄ նոր Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայանն Հրիսթեան, կրթության ոլորտի պատասխանատուներ, միջազգային գործընկերներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Էրազմուս+ ծրագիրը կարևորվում է միջբուհական ծրագրերի, նոր կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ մերձեցման տեսանկյունից:
«Մեզ համար ծրագրի հավելյալ կարևորությունը պայմանավորված է այն եզակի հնարավորությամբ, որը ընձեռում է Եվրահանձնաժողովը` օգտվելու եվրոպական կրթական տարածքում բովանդակային և ֆինանսական նոր հնարավորություններից: Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 18 մլրդ եվրո: Ուստի, Արևելյան գործընկերության բոլոր երկրները հրաշալի հնարավորություն են ստացել շարունակել իրենց կրթական բարեփոխումները, խթանել ուսանողների որակյալ կրթության ծրագրերը և բուհերը բարձրացնել միջազգային մակարդակի; Այն բուհերը, որոնք այս պարագայում կդրսևորեն պասիվ աշխատելաոճ, կզրկվեն լավ հնարավորությունից: Մեր շահագրգռվածությունը ոչ միայն ԵՄ-ի ֆինանսական աջակցության մեջ է. մեր բուհերն ունեն արդիական լավ գաղափարների և որակյալ ծառայությունների կարիք, որ նրանց առջև բացում է ԵՄ-ն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծրագրի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը կրկնակի մեծացել է, քանի որ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, և հաջորդ տարի Երևանում կանցկացվի նախարարական գագաթաժողով` 47 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ըստ այդմ` Հայաստանը ոչ միայն կրթական գաղափարների սպառող է, այլ համաեվրոպական կրթական նախաձեռնությունների հեղինակ: Փոքր, բայց կարևոր երկիր, որը տեսանելի է եվրոպական կրթական տարածքում և ընդունված մեր եվրոպացի գործընկերների կողմից: Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը Տեմպուս ծրագրի շրջանակում երկար տարիներ հետ էր մնում իր ակտիվությամբ մեր հարևանի երկրներից, սակայն հիմա պետք է ուրախությամբ փաստեմ, որ վերջին երկու ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությունը կտրուկ աճել է, և մենք առաջ ենք անցել մեր հարևան երկրներից»,-նշել է նախարարը` հաջողություն մաղթելով միջոցառման բոլոր մասնակիցներին:
Նշենք, որ տեղեկատվական օրը համախմբել էր հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ինչպես նաև ուսանողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ շահեկիցների: Միջոցառման նպատակն էր տեղեկացնել բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին նոր Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածի մի շարք գործողությունների մրցույթների մեկնարկի մասին (Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, Կրեդիտային շարժունություն, Կարողությունների զարգացումը Բարձրագույն կրթության ոլորտում, Ժան Մոնե գործողություններ), ներկայացնել ծրագրի հիմնական ուղղությունները, մասնակցության պայմանները, ինչպես նաև Եվրոպական Միության (ԵՄ) և տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները:
Տեղեկատվական օրն իրականացվել է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից Եվրոպական հանձնաժողովի և Կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության աջակցությամբ:
Նշենք, որ Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: