Գրաբարյան օրեր 2014
2014-12-09
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով օլիմպիադայի անցկացումը, նշել է, որ դպրոցի առաքելությունը ոչ միայն նորարարության, գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցումն է: «Դպրոցը նախևառաջ ազգային ինքնության պահպանման վայր է, ազգային աժեքների վրա խարսխված աշխարհայացքի ձևավորում, ինչն անհնար է պատկերացնել առանց ազգային ինքնության մաս կազմող բազմաթիվ արժեքների, որոնցից մեկն էլ հանդիսանում է գրաբարը: Գրաբարն ունի իր մոգականությունը մեր պատմամշակութային շղարշի մեջ, այն դարերի խորքից եկած մշակութային արժեհամակարգի բանալի է, որը երկար ժամանակ մեր երիտասարդներին հասու չէր: Այս նախաձեռնությունը հանրային է. ԿԳ նախարարությունը ծրագրին միացել է իր լիազորության մանդատով` հասկանալով, որ ազգային կրթական համակարգում անհնար է առանց հայոց լեզվի և գրականության, հայ եկեղեցու պատմության, հայ ժողովրդի պատմության առարկաների: Գրաբարը օտար լեզու չէ, այն մայրենիի ամենահարուստ հատվածն է, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ հոգևոր ծեսերը, աշխատել սկզբնաղբյուրների հետ, այլ նաև հպարտություն ապրել սեփական ժողովրդի հոգևոր-մշակութային հարստությամբ: Մեր երիտասարդները պետք է հասկանան, որ իրենց մայրենի լեզուն շատ ավելի բազմաշերտ է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ գրաբարի դասավանդումը դպրոցում պարտադիր դարձնելը վաղաժամ է. «Այս նախաձեռնությունը պարտադրված չէ. այն հանրային շարժում պետք է դառնա: Գրաբարը պարտադիր պետք է ուսուցանվի ավագ դպրոցների հումանիտար հոսքերում, բայց ոչ հիմա: Ներկայումս գրաբարը տոն է, ուրախություն, բերկրանք և հպարտություն, բայց ոչ պարտադիր առարկա: Եվ ինչքան շատ լինեն այս գործի առաքյալները, այնքան ավելի լավ: Այս ծրագրով վերադարձ է կատարվում ի շրջանս յուր, դեպի մեր ազգային ակունքներ»,-ընդգծել է նա:
«Գրաբարյան օրեր» ծրագրի հաղթողների համար «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը սահմանել է արժեքավոր մրցանակներ: Լավագույն երեք աշակերտները և նրանց ուսուցիչները պարգևատրվել են մրցանակներով: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ը ստացել են խրախուսական մրցանակներ:
Նշենք, որ դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ մասնակցել է օլիմպիադային: Ծրագրի շրջանակում Երևանի բազմաթիվ ավագ դպրոցներում կազմակերպվել են միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, գրաբարի տեսադասընթացների ցուցադրություններ՝ ուսուցիչների ու աշակերտների ջանքերով: Ծրագրի ընթացքում ուսուցիչներն աշակերտներին նախապատրաստել են գրաբարի առաջին օլիմպիադային: Գրաբարի ուսուցումն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու համար դպրոցներին էր առաջարկվել Ծիրանի մշակութային հանգույցի պատրաստած www.grabar.am կայքը և ինը տեսադասերը, որոնք ստեղծվել են վեցամյա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա ամենամյա: Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: