Հաջողություններ` կրթության իրավունքի իրացման գործընթացում

2014-12-10

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր  առաջին անգամ կլոր սեղանի ձևաչափով Մարդու իրավունքների գրասենյակը հրավիրել էր հանդիպման ՀՀ պետական այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնց կառույցները, ըստ օմբուդսմենի, տարվա ընթացքում դրական և արդյունավետ են աշխատել մարդու իրավունքների գործունեության ոլորտում:
Կլոր սեղանի հրավիրյալներն էին` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Անդրադառնալով կրթության և գիտության նախարարության գործունեությանը`  օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մեծ առաջընթաց է արձանագրել, մասնավորապես, ներառական կրթության  ոլորտում, երբ համապատասխան փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում: Օմբուդսմենն իր շնորհակալությունն է հայտնել նախարար Արմեն Աշոտյանին` վերոնշյալ ոլորտում հետևողական աշխատանքի համար` այն համարելով մեծ ձեռքբերում առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրականացման գործում: Բացի այդ, Կարեն Անդրեասյանը նշել է, որ նախարարությունն օպերատիվ է արձագանքել կոնկրետ դեպքերին դպրոցներում` կապված երեխաների իրավունքների խախտման հետ: Օմբուդսմենը որոշակի մտահոգություն է  հայտնել դպրոցների տնօրենների կարգի ընտրության հետ կապված` ընդգծելով, որ որոշակի աշխատանք պետք է կատարվի այդ ուղղությամբ, որի առթիվ նախարարությունն իր համաձայնությունն է տվել:
Նախարար Արմեն Աշոտյանն իր շնորհակալությունն է հայտնել Մարդու իրավունքների գրասենյակին` նախարարության գործունեությունը գնահատելու համար: Նա նշել է, որ կրթության ոլորտն ահռելի է իր շահառուների թվով, որն էլ իր հերթին բերում է պոտենցիալ ռիսկերի` մարդու իրավունքների խախտման տեսանկյունից: «Կրթության իրավունքների իրացման տեսանկյունից ոլորտի արձանագրած հաջողությունները հուսադրող են, բայց միաժամանակ` պարտավորեցնող: Երեխայակենտրոն և ուսանողակենտրոն կրթություն. սա պետք է լինի մեր գործունեության հիմնական առանցքը: Ներառական կրթության ոլորտում Հայաստանի փորձն իրավամբ ունիկալ է Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքում, որը գնահատվել է ՅՈՒՆՍԵՖ-ի և միաջազգային այլ հեղինակավոր կառույցների կողմից: Սակայն պետք է նշել, որ մարդու իրավունքների ոլորտում փոփոխությունը պետք է առնչվի ոչ միայն իրավական դաշտում համապատասխան կատարելագործմանը, այլ նաև մարդկանց հոգեբանության փոփոխությանը»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհական ոլորտում ևս իրականացվել են մի շարք օրենսդրական  փոփոխություններ`  ուսանողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես, ուսանողների փոխադրման, կրթության մատչելիության  տեսանկյունից: Նախարարը նաև նշել է, որ համակարգի առանձնահատկությունը մարդու կրթության իրավունքի իրականացումն է, որը պահանջում է համալիր մոտեցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։