Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյակը
2014-11-21
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանին նվիրված միջոցառումների շարքում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի է ունեցել տոնական հանդիսություն, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բուհի ուսանողները և շրջանավարտներ, մշակույթի և արվեստի հայտնի ու անվանի գործիչներ: «Հազվադեպ ազգեր ու ժողովուրդներ կան, որ պատերազմի ծանր տարիներին կարող են արվեստի բուհ ստեղծելու որոշում կայացնել:
Մեր ժողովուրդն այն հազվագյուտ ժողովուրդներից է, որ գնաց նման քայլի՝ 1944 թվականին ստեղծելով արվեստի պետական ինստիտուտը: Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին նման բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը մեր ժողովրդի հարատևման, արվեստի և մշակույթի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ապացույցն է: Ես և մշակույթի նախարարը երբեմն բարեկամաբար վիճում ենք՝ թատերական ինստիտուտը կրթակաՎն, թեՎ մշակութային հաստատություն է: Այս հարցում մենք եկել ենք համաձայնության՝ թատերականը «մտավորական» հաստատություն է: Այսօր ավելի քան երբևէ մաքուր արվեստի ու մշակույթի կարիք կա՝ հատկապես երբ զանգվածային մշակույթը իր բոլոր բացասական դրսևորումներով պարուրում ու տանում է իր հետևից ամեն ինչ: Նման պայմաններում թատերական ինստիտուտը լույսի ճառագայթ է, որտեղ կարողանում են սովորեցնել մարդու էության մեջ ներթափանցելու և արտահայտչական միջոցներով արվեստ փոխանցելու գաղտնիքն ու հմտությունը: Թատերականում աշխատելը վստահաբար առաքելություն է, քան ապրուստի միջոց կամ վաստակելու տարբերակ: Այստեղ աշխատելը հավատ է սեփական գործին և ցանկություն՝ դաստիարակելու արվեստի նվիրյալների նոր սերունդ»,- շնորհավորանքի խոսքում ասել է նախարար Արմեն Աշոտյանը:
Ինստիտուտի հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրով, վարչապետի ու ԿԳ նախարարի հրամաններով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ երկարատև աշխատանքի ու մեծ ավանդի համար արժանացել են պետական կոչումների ու պարգևների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել ԵԹԿՊԻ հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Մուրադյանը, ԵԹԿՊԻ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Գրիգոր Օրդոյանը, ԵԹԿՊԻ դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Մնացականյանը: Բուհի մի շարք աշխատակիցներ արժանացել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերի: