Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատարի հետ
2014-11-18
Նոյեմբերի 17 ին, աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Եվրոպական Հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչին: Հանդիպման մեկնարկին նախարարը շնորհավորեց պարոն Նավրաչիչին նշանակման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում: Այնուհետև կողմերն անցան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը՝ վստահություն հայտնելով, որ կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիների Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերությունները կշարունակեն խորանալ: Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Երևանում մեկնարկելիք 2015 թվականի Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին, տեղեկացրեց ընթացիկ աշխատանքների և համաժողովի ծրագրի մասին:
Պատասխան խոսքում նորանշանակ հանձնակատարը բարձր գնահատեց Հայաստանի աշխատանքները որպես Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր՝ շեշտվելով, որ Հայաստանն առաջին ոչ ԵՄ անդամ երկիրն է, որն իրականացնում է համաեվրոպական նշանակության այս նախագիծը: Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, իսկ հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը Տիբոր Նավրաչիչին հրավիրեց Երևան, ինչը սիրով ընդունվեց վերջինիս կողմից: