Ոչ պետական բուհերի շրջանավարտներ կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ
2014-11-17
Առաջին փուլով, դեռևս 2010 թվականին ընդունված օրենքով մինչև 2012-13 ուսումնական տարվա ավարտը ոչ պետական բուհերի ոչ պետական դիպլոմներ ստացած շրջանավարտները ունեցել են հնարավորություն՝ ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելով ստանալ պետական նմուշի կրթության ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ: «2013թ-ին առաջին փուլով մեկնարկած գործընթացն ավարտվեց և այդ ժամանակահատվածում պետական դիպլոմ ստանալու հայտ ներկայացրեցին շուրջ 1400 դիմորդներ, որոնց 75 տոկոսը կարողացան հաջողությամբ հաղթահարել ամփոփիչ ատեստավորման քննությունները և ստանալ պետական նմուշի դիպլոմներ:
Սակայն ինչ-ինչ պատճառներով այս ընթացքում 25 տոկոսը կամ չեն մասնակցել այդ քննություններին կամ էլ չեն կարողացել հաղթահարել պետական քննությունների դրական շեմը՝ արդյունքում նրանք պետական նմուշի դիպլոմներ չստացան: Բացի այդ այս ընթացքում եղան նաև ոչ հավատարմագրված մասնագիտությունների գծով նոր շրջանավարտներ: Անցյալ տարի ԿԳՆ-ի կողմից նոր նախաձեռնություն ցուցաբերվեց և ժամկետը երկարաձգվեց»,- տեղակացրել է Ռ. Սուքիասյանը:
Ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտները տվյալ տարվա մարտ ամսից մինչև ապրիլի 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում քննությունների մասնակցության մասին դիմում-հայտ, որը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը, անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը, 2 լուսանկար (3 X 4 չափսի):
ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը հատուկ շեշտել է. որ սովորաբար խնդիրներ ի հայտ են գալիս դիպլոմների միջուկների հետ կապված, քանի որ դիմողները երբեմն միջուկ չեն ներկայացնում, ինչը պարտադիր է:
Քննությունները անց են կացվելու տվյալ տարվա համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համաձայն տվյալ բուհի տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ գործող ուսումնական պլանի և ամփոփիչ ատեստավորման քննությունների:
Ամփոփիչ ատեստավորման քննությունների վերահանձնում կազմակերպվում է մինչև 2016/2017 ուսումնական տարվա ավարտը ու միայն այն առարկաներից, որոնցից նախորդ քննաշրջանում դիմորդները ստացել են «անբավարար» գնահատական: Տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցած և քննական առարկայից «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտների համար, հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին շրջանավարտի մասնակցության դեպքում, պահպանվում է նախորդ տարվա համապատասխան մասնագիտության գծով մյուս առարկայից ստացած «դրական» գնահատականը:
Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականով հանձնած շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ և ներդիր՝ միջուկ /պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները/ տրվում են`
ա/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով հավատարմագիր ունեցող բուհերի դեպքում` իրենց նախկին բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված բուհի պետական զինանշանի կնիքով.
բ/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով չհավատարմագրված բուհերի /կամ բուհի գործունեությունը դադարեցված կամ հավատարմագիրը ուժը կորցրած ճանաչված կամ տվյալ մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիան կասեցված/ դեպքում` քննությունները կազմակերպած բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և քննությունն անցկացրած բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված այդ բուհի պետական զինանշանի կնիքով:
Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները:
Մագիստրոսական թեզի պաշտպանությունը իրականացվում է հաջորդ ուսումնական տարում` տվյալ տարվա դիմորդը սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին բուհի հետ /թեզի ղեկավարի/ համատեղ քննարկելուց հետո ընտրում է մագիստրոսական թեզի թեման: