Ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկի շնորհանդես
2014-11-01
«Երկրապահ կամավորականների միությունում» այսօր տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ձենարկի ստեղծումը, նշել է, որ երիտասարդ սերնդի ռազմահայրնեասիրական դաստարակությունը պետք է սկսվի դպրոցներից. «Հատկապես մեր նորագույն պատմության մեջ շատ կարևոր է պատշաճ կերպով փոխանցել Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մեր մատաղ սերնդին: Ռազմական դոկտրինայի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է, որովհետև եթե մեկ ընդհանուր գաղափարի ներքո չեն համախմբված բոլորը, մանավանդ երիտասարդները, ապա այն պատշաճ մակարդակով չի կարող իրականացվել: Ուզում եմ շեշտել, որ այս տարիների ընթացքում հատկապես պատանի և երիտասարդ երկրապահների ակումբների ստեղծումը բավականին լուրջ մակարդակի է դրված: Համոզված եմ, որ այս ձեռնարկը ներդնելով մեր կրթական համակարգում` ավելի լուրջ հաջողությունների կհասնենք, առավել համակարգված կիրականացնենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախներում»,-նշել է Ս. Օհանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` ժամանակակից կրթությունը շատ արագ է զարգանում: «Կրթությունը միայն ուսումնական գործընթացը չէ. նրա բաղկացուցիչ, իսկ մեր ազգի համար նրա ճակատագրական մաս է կազմում դաստիարակությունը: Անարժեք կիրթ մարդը նույնքան վտանգավոր է պետության համար, որքան այլ բացասական հատկանիշներով օժտված անձը: Դաստիարակության նպատակներից մեկը քաղաքացի ձևավորելն է, իսկ հայ քաղաքացին նա է, ով առաջին հերթին հայ է, հետո` նոր քաղաքացի: Ժամանակակից հայ կերտելու համար հայ լինելն ավելի կարևոր է, քան ժամանակակից: Մեր դպրոցը լինելու է ազգային»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ռազմահայրենասիրական խնդիրները կրթական համակարգում արդիականացման, վերանայման և առավել համակարգված գործունեության կարիք ունեն: «ՊՆ-ի և այլ գերատեսչությունների հետ մեր նախարարությունն ամենամյա ռազմավարական ծրագիր է իրականացնում` ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Դրան զուգահեռ` հսկայական փորձ է կուտակել «Երկրապահ կամավորականների միությունը»` իր ակումբների գործունեությամբ և մեթոդաբանությամբ: Դպրոցներում այս ամենը համակարգելու, նորանկախ Հայաստանում մանկապատանեկան կազմակերպությունների հետագա ստեղծման և համակարգման առումով այս ձեռնարկը լավագույն միջոցներից մեկը կլինի»,-նշել է Ա. Աշոտյանը` իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ՊՆ-ին և «Երկրապահ կամավորականների միությանը»` կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և իրենց օրինակով երիտասարդների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու ու տարածելու գործում աջակցության համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» Հ/Կ-ի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Վերոնշյալ մեթոդական ձեռնարկը ստեղծվել է այդ հուշագրի շրջանակում: