Մեկնարկում է նոր փորձնական ծրագիր
2014-10-31
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կնքվել է ««Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորում և հավաստագրում»» փորձնական ծրագրի իրականացման մասին համագործակցության հուշագիր` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արման Քուչուկյանի: Համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են օժանդակել վերոնշյալ ծրագրի իրականացմանը և ընդլայնմանը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում:Համագործակցությունը կներառի «Ուսում» համակարգով համակարգչային փաթեթի մշակում, ծրագրում ընդգրկված դասավանդողների կարողությունների զարգացում, ծրագրի շրջանակներում` համակարգչային հմտությունների թեստավորման փորձնական փուլի անցկացում:
Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, կարևորելով ծրագրի մուտքը դպրոց, նշել է, որ դրա իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ազգաբնակչության համակարգչային գրագիտության բարձրացման ապահովմամբ: Նրա խոսքով` աշխարհում չկա նման նախադեպ. «Ճիշտ է` ներկայիս դարաշրջանում մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, սակայն այս ծրագիրն ինչ–որ տեղ կարող է համարվել նորարարական, որը կարող է հետաքրքրել նաև այլ երկրների»,-ընդգծել է նախարարի տեղակալը` հավելելով, որ փորձնական ծրագիրը ներդրվել է Երևանի թիվ 105 և 184 ավագ դպրոցներում` յուրաքանչյուրում ապահովելով համակարգի տեղակայումը, ուսուցիչների վերապատրաստումը և համակարգի բարելավումների իրագործումն ըստ շահառուների առաջարկությունների:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արման Քուչուկյանն իր հերթին նշել է, որ «Ուսում» համակարգը պետք է առաջին հերթին հասանելի լինի աշակերտներին` անկախ կրթական մակարդակից: Նրա խոսքով` տվյալ համակարգը հնարավորություն է տալիս հայերեն լեզվով, ինքնուսուցման կարգով ստանալ այն համակարգչային գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից համակարգչային գործառույթներ իրագործելու համար: Արման Քուչուկյանը նաև տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է վերոնշյալ դպրոցներում թվայնացնել գրադարանը, ինչպես նաև գործարկել համապատասխան համակարգ կույրերի համար` վերջիններիս օգնելով հաղթահարել սահմանափակ կարողությունները:
Նշենք, որ ծրագրի հաջող փորձարկման դեպքում նախատեսվում է դրանում ներգրավել նաև ՀՀ հանրակրթական մյուս հաստատությունները: