Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում

2014-10-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում և ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման և ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում:
Նիստի սկզբում նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ կոլեգիայի կազմում կատարվել է փոփոխություն՝ մեծացվել է հանրային սեկտորի ներկայացուցիչների ընդգրկվածությունը, մասնավորապես, կոլեգիայի աշխատանքներին այսուհետ կմասնակցի նաև «Բաց հասարակության հիմնադրամներ»  կազմակերպության ներկայացուցիչը: Նիստին, նախարարի առաջարկությամբ,  մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի և  Հանրային խորհրդի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի հանրային նշանակությունը: Կրթության գերազանցության ազգային ծրագիրը  կոլեգիայի անդամներին հեղինակային խմբի անունից  ներկայացրել է «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ծրագիրը մշակվել է`  իբրև հայկական բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ: Առաջարկվում է հայկական ծրագիրը կոչել Արարատյան բակալավրիատ, որն անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց: Գերազանցության կենտրոնի ծրագրի առաջին  փուլով առաջարկվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստում և հավաստագրում՝ միջազգային չափորոշիչներով: Առաջարկվող տարբերակով  հավաստագրմանը կարող են մասնակցել առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված  մասնագետի աստիճան ունեցող, համապատասխան վերապատրաստման դասընթացին մասնակցած  ուսուցիչները: Հավաստագիր ունեցող ուսուցիչների  վարձատրությունը համեմատաբար բարձ է լինելու՝ մոտ 400 հազար դրամ: Առաջին փուլում ծրագիրը կներդրվի ՀՀ 12 դպրոցում, որից 10-ը` մարզերում, 2-ը Երևանում  և ԼՂՀ մեկ ավագ դպրոցում:  Այնուհետև աստիճանաբար այն կտարածվի և կընդգրկի ավելի մեծ շրջանակներ: Գերազանցության ազգային ծրագրի ներկայացումից հետո կոլեգիայի անդամները հարցեր են ուղղել հեղինակներին՝ դրա իրականացման մեխանիզմների, նախագծում առկա բացթողումների ու թերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են մի շարք դիտողություններ ու առաջարկություններ: Կոլեգիան, հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, որոշում է կայացրել հեղինակային խմբին հնարավորություն տալ ծրագիրը լրամաշկել և մինչ հանրային ավելի լայն քննարկումների դնելը մեկ անգամ ևս  ներկայացնել կոլեգիայի դատին: Միաժամանակ որոշվել է  դիմել Ազգային ժողովին՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությամբ: Գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի կառավարության հաստատմանը: Քննարկման ընթացքում նախարարն ընդգծել է,  որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներդրումը չի հակասում գործող պետական կրթական չափորոշիչներին և կրթական բարեփոխումների շրջանակում  Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման գործընթացին:

Այնուհետև կոլեգիան անցել է օրակարգի երկրորդ հարցի քննարկմանը. ավագ դպրոցներում ֆինանսական արդյունավետության մոնիթորինգը իրականացվել է <<Բաց հասարակության հիմնադրամներ>>  կազմակերպության ֆինանսական աջակցությամբ  «Համայնքների ֆինանսիստների միավորում»  հասարակական կազմակերպության կողմից: Անկախ մոնիթորինգի դիտարկման նախնական արդյունքները ներկայացրել է փորձագիտական խմբի ներկայացուցիչ Վահրամ Շահբազյանը:  Մշտադիտարկումն իրականացվել է Երևանի և 4 մարզերի 18 ավագ դպրոցներում: Դիտարկման ընթացքում ուսումնասիրվել է ավագ դպրոցների ֆինանսավորման բանաձևը, սովորողների հաճախելիությունը, կրթության որակը՝ հիմքում դնելով առաջադիմության ցուցանիշները:  Մոնիթորինգի շրջանակում կատարվել են հարցումներ` սովորողների և ծնողների շրջանում, դիտարկվել են դասարանների խտության, ուսուցիչների ծանրաբեռնվածության և բազմաթիվ այլ հարցեր: Նախնական  արդյունքներով՝ մոնիթորինգ իրականացնող փորձագետները բարձրացրել են ֆինանսավորման բանաձևում փոփոխություն կատարելու և ավագ դպրոցների ֆինանսական հաշվետվողականությունը հանրության առջև ավելի բարձրացնելու, դասարաններում աշակերտների միջին  խտությունը թեթևացնելու և մի շարք այլ հարցեր: Որպես խնդիր դիտարկվել է նաև հաճախելիության ցուցանիշը՝ ավագ դպրոցներում բացակայությունները կազմում են 5-6 տոկոս: Զեկույցն ամբողջությամբ կհրապարկվի վերջնական ամփոփումից հետո: Կոլեգիան քննարկման ընթացքում  որոշել է մինչ զեկույցի հրապարկումն անկախ մոնթորինգի  արդյունքներն աշխատանքային կարգով քննարկել կրթության և գիտության նախարարության պատասխանատուների և առանձնացված ստորաբաժանումների  հետ: ՀՀ ԿԳ նախարարը, նշել է  որ  հատկապես մեթոդաբանության և արձանագրված արդյունքների տեսակետից հանրային մոնթորինգի արդյունքները տարբերվում են պետական վիճակագրության տվյալներից`  ընդգծելով, որ  նախարարությունն այս բաղադրիչը համարում է կրթական բարեփոխումներին աջակցող կարևոր գործոն: Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նախարար Ա. Աշոտյանն է նշել, և միշտ պատրաստ է շահագրգիռ համագործակցության բոլոր հասարակական և միջազգային  կազմակերպությունների հետ: Կոլեգիայի անդամները մշտադիտարկման  վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հարցերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։