Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների անուններն են. Արմեն Աշոտյան

2015-10-16

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարների ցուցահանդես: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն իր խոսքում, անդրադառնալով գեղարվեստի ակադեմիայի ձեռքբերումներին, շեշտել է, որ հիմնադրվելով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ այն ի սկզբանե եղել և շարունակում է մնալ Հայաստանի ամենայուրահատուկ բուհերից մեկը.

«Գեղարվեստի պետական ակադեմիայի ամենամեծ ձեռքբերումը շրջանավարտների  անուններն են, որոնցից շատերը  պատիվ են բերում ոչ միայն բուհին, այլ մեր ամբողջ հասարակությանը և ժողովրդին:  Գեղարվեստի ակադեմիայի սաներից  ու դասավանդողներից շատերը, սկսած դեռևս մեծ վարպետ Մարտիրոս Սարյանից, դարձել են մեր մշակույթի բրենդը: Վստահ եմ, որ բուհն այսօր էլ վառ անուններ տալու պոտենցիալ ունի: Ուսանողական տարիներին միշտ չէ, որ հնարավոր է տաղանդներին միանշանակ առանձնացնել, սակայն վստահաբար այսօրվա ուսանողների մեջ կլինեն մարդիկ, ում անունները հետագայում հնչելու են Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Գրիգոր Խանջյանի և Արամ Իսաբեկյանի  կողքին»,- նշել է Ա. Աշոտյանը: Նշենք, որ Գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ բուհում բացվել են խեցեգործության և դիզայնի ժամանակակից լաբորատորիաներ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։