«Կարնեգի» հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ կրթական նախաձեռնություններին

2014-10-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող  Նյու-Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին և փոխնախագահ Դեանա Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Ընդգծելով, որ միջազգային կապերի ընդլայնումը Հայաստանի կրթական քաղաքականության հիմնական ուղղություններից  է, նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական ձեռքբերումները:
Մասնավորապես, հայ դպրոցականներն այս տարի ևս լուրջ հաջողություններ  են ունեցել միջազգային առարկայական օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 19 մեդալ: «Այս ցուցանիշով փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը գերազանցում է մեր հարևան Ադրբեջանին ու Վրաստանին միասին վերցրած և գրեթե հավասարվում է մեր մյուս հարևան Թուրքիային: Հայաստանի կրթական կարևոր նորությունը՝ «Շախմատ» առարկայի ներմուծումն է հանրակրթական ծրագրերում, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային կրթական միջավայրում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ներկայումս  գիտամանկավարժական գնահատում է իրականացվում՝ առարկայի ներդրման արդյունավետությունը գնահատելու նպատակով, թեև, ըստ Ա. Աշոտյանի,  նախնական դիտարկումներն արդեն վկայում են, որ երեք տարի դպրոցում շախմատ ուսուցանած երեխան ունի ավելի արագ և զարգացած մտածողություն:  Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի դպրոցներում օտար լեզուների ուսուցման համակարգը, ինչպես նաև միջազգային համագործակցության  ծրագրերը՝ շեշտելով, որ  կրթական համակարգի մրցունակության բարձրացման ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս հարցում պատրաստ է բաց համագործակցության` միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հանրային կառույցների հետ: Ա. Աշոտյանը շեշտել է նաև, որ Հայաստանի կրթական համակարգը մի կողմից դեռևս կրում է խորհրդային դպրոցի հետքերը,  սակայն միաժամանակ արդեն ներգրավված է եվրոպական կրթական տարածքում: Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին երեք տարով ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը և այժմ նախապատրաստվում է Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին, որի անցկացումը նախատեսված է 2015 թվականի մայիսին:
«Կարնեգի» հիմնադրամի պատասխանատուները, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել են, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի կրթական համակարգի ուսումնասիրությամբ և  պատրաստ են նպաստել  ինչպես արտերկրում Սփյուռքի հայկական կրթօջախների  գործունեությանը, այնպես էլ Հայաստանում ընթացող կրթական նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական այլ հիմնախնդիրներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։