Հայաստանի բարեփոխումների փորձը հետաքրքիր է և մոդելային աշխարհի երկրների համար
2014-10-10
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, ուղղված հատուկ ուսումնական հաստատությունների վերակազմակերպմանը և ներառական համակարգի հզորացմանը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և ԱՄՆ Զարգացման գործակալությունը արդեն իսկ ստորագրել են 5-ամյա ծրագրի համաձայնագիր, որի նպատակն է աջակցել կառավարությանը` բարեփոխելու երեխաների խնամքի համակարգը և բեռնաթափելու գիշերօթիկ խնամքի հաստատությունները: Ծրագրի բաղադրիչներից մեկը ներառական կրթության զարգացումն է:
Քննարկվել է նաև դպրոց չհաճախող կամ չհաճախելու ռիսկի տակ գտնվող երեխաների հատնաբերման և ուղղորդման ծրագրին առնչվող հարցեր: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը Լոռու մարզում իրականացնում է նշված փորձնական ծրագիրը, որի նպատակն է մշակել մարզային կրթական, սոցիալական, առողջապահական, ոստիկանության, համայնքային ծառայությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմներ՝ երեխաների դպրոցից դուրս մնալը կանխելու համար: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ վերոնշյալ փորձնական ծրագիրը հետաքրքիր փորձ է. ցանկալի կլիներ, որ այն դրվեր հանրային քննարկման և տարածվեր ՀՀ բոլոր մարզերում: Գործընթացը, ըստ Ա. Աշոտյանի, ներառում է տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանքի հնարավորություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նաև նախադպրոցական կրթության ձեռքբերումները: Մասնավորապես, ՄԱԿ ՄՀ-ը մասնակցում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախադպրոցական ծառայությունների զարգացման ծրագրին, որում կարևորվում է սոցիալապես խոցելի խմբերի ներառման անհրաժեշտությունը: Ա. Աշոտյանի խոսքով` ծրագրում ներկայումս ներառված են 5-6 տարիքային խմբի երեխաներ, և նախատեսվում է, որ մինչև 2017 թվականը 6 տարեկանների ընդգրկվածությունը ծրագրին կկազմի մինչև 90 տոկոս: Նախարարը կարևորել է ծրագրի արդյունավետությունը նաև ավելի ցածր տարիքային խմբի համար. այդ ուղղությամբ ներկայումս կառավարությունը քայլեր է ձեռնարկում` ուղղված նախադպրոցական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը: