Նախարար Ա. Աշոտյանը Չինաստանի դեսպանին պարգևատրել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»
2014-10-03
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Թիան Չան Չունին՝ ՀՀ ԿԳՆ հետ արդյունավետ համագործակցության և հայ-չինական կրթական կապերի զարգացմանը նպաստելու համար՝ կարևորելով հատկապես Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնադրելու ծրագիրը, ինչպես նաև ուսանողների փոխանակման և կրթաթոշակային ծրագրերը, որոնք նույնպես վերջին տարիներին ընդլայնվել են:
Դեսպանը վերահաստատել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրմանն աջակցելու չինական կողմի պատրաստակամությունը և հավելել, որ Հայաստանում գործող չինարենի ուսուցման Կոնֆիցիուսի կենտրոնը կարող է դպրոցին աջակցել ինչպես ուսումնամեթոդական այնպես էլ կադրերի պատրաստման հարցերում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության և գիտության ոլորտում հայ-չինական համագործակցության և երկկողմ կապերի խորացման ուղղությամբ ներդրած մեծ ավանդի համար դեսպան Թիան Չան Չունին պարգևատրել է ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»: Նախարարը նաև ընդգծել է, որ դեսպանատունն ու դեսպանն անձնապես առանձնակի դերակատարում են ունեցել երկկողմ կրթական ծրագրերի իրականացման գործում և հույս հայտնել, որ դեսպան Թիան Չան Չունը միշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը: